ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ՏՏ մասնագետների հետ գաղտնալսումներից ապահովագրող ծրագիր է գործարկել, այս մասին ԱԺ-ում հայտնել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Ծրագիրը գործում է, իմ հեռախոսի վրա տեղադրված է, դա դեռևս թեստային տարբերակն է, ստուգում ենք բոլոր տեսակի խոցելիությունները։ Այս պահին բավականին պաշտպանված է և շատ-շատ մասնագետներ արդեն իսկ տվել են եզրակացություն, որ գրեթե անհնար է այդ հավելվածով գաղտնալսումը»,- ասել է նա։

Վանեցյանը նշել է, որ այն ամբողջությամբ հայկական արտադրանք է, սերվերը ֆիզիկապես գտնվում է ԱԱԾ շենքում և գաղտնագրվում է ամբողջությամբ։

ԱԱԾ տնօրենը նշել է, որ հետագայում պետք է որոշվի այն պետական պաշտոնյաների խումբը, որ պետք է օգտվի դրանից: