Հայաստանում ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցումը ստանձնած «Վեոլիա ջուր»-ը կեղտաջրերի մաքրում չի իրականացնում, սակայն բաժանորդներից բոլոր գանձումները պարտաճանաչ կատարում է: Ընկերությունը հայտնում է, որ մինչև 2000թ.-ը «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի տարածքում գոյություն է ունեցել կեղտաջրի մաքրման 17 կայան։ Բոլորը գտնվում են կիսաքանդված և լքված վիճակում, իսկ դրանց վերականգնումն աննպատակահարմար է։ Այս մասին գրում է «Հետք»-ը։

Հայաստանի ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցումը «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին հանձնվեց արտոնյալ պայմաններով՝ օրենք ընդունվեց, որով բնապահպանական վճարների գծով արտոնություններ տրվեցին ընկերությանը՝ վարձակալության ամբողջ ժամանակահատվածի համար:

Նույն օրենքով ընկերությունը պարտավորվեց ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին ներկայացնել իր գործողությունների աստիճանական բարելավման պլանը: «Վեոլիա ջուր»-ն առ այսօր այդպիսի պլան չի ներկայացրել:

Վարձակալության պայմանագրի 6-րդ հոդվածի համաձայն՝ պայմանագրային առաջին տարում վարձակալը պետք է իրականացնի մաքրված կեղտաջրերի որակի մոնիտորինգ։ Ընկերությունը հայտնում է, որ կեղտաջրերի մոնիտորինգի պահանջները չեն արտացոլում գոյություն ունեցող կեղտաջրերի մաքրման կայանների հնարավորությունները։ Երևանի գործող «Աէրացիա» կեղտաջրերի մաքրման կայանը (ԿՄԿ) չի համապատասխանում գործող ստանդարտներին։ Կայանի վատ տեխնիկական վիճակի պատճառով ծառայությունները սահմանափակվում են կեղտաջրերի նախնական մեխանիկական մաքրմամբ: 2013-15թթ. կառուցվել է 5 նոր մաքրման կայան, որոնք նույնպես մասնակի մեխանիկական մաքրում են իրականացնում։

Նշենք, որ «Աէրացիա» կայանը վերակառուցվել էր 2015-16թթ.՝ Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման համար Ֆրանսիայի կառավարության տրամադրած վարկային միջոցներով: Կայանի առաջին փուլի ծրագրային բաղադրիչի արժեքը մոտ 10.5 մլն եվրո էր, որը ներառում էր մեխանիկական մաքրման կառուցվածքների (խոշոր և մանր միջճաղային հեռավորությամբ ճաղավանդակներ, աէրացվող ավազորսիչներ, առաջնային պարզարան) և նստվածքի մշակման արտադրամասի շինարարությունը: Շինարարական աշխատանքներն ավարտվել են 2016թթ-ին: Ծրագրի 1-ին փուլով նախատեսված էր «Աէրացիա» ԿՄԿ ներհոսող կեղտաջրերի ամբողջական մեխանիկական մաքրում իրականացնել: Նոր կառուցվածքների նախագծային հզորությունը կազմում է 5.6 մ3/վ կամ օրական մոտ 484 հազ խմ: Մեխանիկական մաքրման արդյունքում կառուցվածքներում պետք է կեղտաջրից անջատվեն խոշոր թափոնները, տիղմն ու ավազը, որոնք պետք է բռնվեն ճաղավանդակներում:

Ջրային կոմիտեի (ՋԿ) նախկին նախագահ Ինեսսա Գաբայանի կառավարման շրջանում աշխատանքային խումբ ստեղծվեց, որն ուսումնասիրեց «ԱԷրացիա» կայանի տեխնիկական վիճակն ու հնարավորությունները: «Անզեն աչքով տեսանելի էր, որ անգամ մեխանիկական մաքրում գրեթե չի կատարվում. ավազորսիչներն այնքան էին լցված, որ կեղտաջրերն ուղղակի հոսում էին: Աղբը, թափոնները ոչ միայն դրանցից չէին հեռացվել, այլև կայանի ամբողջ շրջակայքից՝ դեպի գետ և բլուրներով դրանց կուտակումները վկայում են, որ այստեղ անհիշելի ժամանակներից աղբահանություն չի արվել։

Ցավալին այն է, որ չմաքրված կեղտաջրերը կայանից դուրս են գալիս և լցվում Հրազդան գետ, իսկ գետի ջուրն էլ օգտագործվում է Արարատյան դաշտի մշակովի հողատարածքները ոռոգելու նպատակով: Գետից օգտվում են նաեւ ընտանի կենդանիներն ու թռչունները: Կայանը շրջանցող կոլեկտորներից մեկն էլ, միանալով ԿՄԿ-ից դուրս եկող կոլեկտորներին, Արարատի մարզի Ղուկասավան գյուղի գերեզմանոցի մոտ լցվում է անմիջապես Հրազդան գետ: Պարզվել է, որ գործող ավազորսիչը վերջին անգամ մաքրվել է անցած տարվա դեկտեմբերին»,- ասվում է Ջրային կոմիտեի պաշտոնական հաղորդագրության մեջ:

«Աէրացիա» կայանի չգոյությունը լիարժեք պատկերացնելու համար պետք է ծանոթանալ Ֆրանսիայի խոշորագույն` Marquette-Lez-Lille կեղտաջրերի մաքրման կայանի հնարավորություններին, որի շահագործողը նույնպես «Վեոլիան» է: Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամներին բախտ է վիճակվել տեսնել այն՝ Ֆրանսիա կատարած ճանաչողական այցի ընթացքում:

Հրավիրողը «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրին էր (ոստիկանությունն այս այցը որակեց կաշառք՝ խմելու ջրի սակագինը բարձրացնելու դիմաց-Ս.Պ.): ՀԾԿՀ անդամները այցելության հաշվետվության մեջ նկարագրել են.

«Նրա խորագիրն է` «Զրո վնասակար արտանետում, 100% պատասխանատվություն»»:

«Կայանն ունի գերժամանակակից դիզայն և տեխնոլոգիաներ: Հզորությունը նախատեսված է 620 000 բնակիչների կեղտաջրերը մաքրելու համար: Բաղկացած է 2 մաքրման առանձին գծերից՝ կեղտաջրերի համար (2,8 մ3/վ հզորությամբ) և անձրևաջրերի համար (5,3 մ3/վ հզորությամբ):

Անձրևաջրերը մաքրվում են Actiflo եղանակով, մինչդեռ կեղտաջրերը հաջորդաբար Multiflo, Hybass, Hydrotech Discfilters տեխնոլոգիական պրոցեսների միջոցով: Կեղտաջրերի մաքրման արդյունքում գոյացած նստվածքը վերահսկվում է «Վեոլիա» ընկերության Exelys ջերմային հիդրոլիզի նոր տեխնոլոգիական պրոցեսի միջոցով, որի շնորհիվ նստվածքի քանակը կրճատվում է 20-40%-ով, իսկ բիոգազի արտադրությունն ավելանում է 15-30%-ով՝ վերամշակման ստանդարտ տեխնոլոգիաների համեմատ: Վերամշակման արդյունքում ստացված նստվածքը չորացվում է BioCon չորացուցիչներում և պահեստավորվում է: Ստացված արտադրատեսակն օգտագործվում է գյուղատնտեսության և ցեմենտի արտադրության մեջ:

Ամբողջությամբ մաքրված կեղտաջրերը մղվում են դեպի գետը:

Մասնագետները նշեցին կեղտաջրերի մաքրման ամբողջական ցիկլի անհրաժեշտության, շահագործման և պահպանման անխափան աշխատանքների կազակերպման և անընդհատ վերահսկողության անհրաժեշտության մասին, քանի որ որևէ բաղկացուցիչ մասի թերացումը կարող է հանգեցնել աղետալի հետևանքերի՝ ինչպես ազգաբնակչության, այնպես էլ շրջակա միջավայրի համար: Հաշվի առնելով, որ Marquette-Lez-Lille կայանը գտնվում է խիտ բնակեցված շրջանում, հատուկ ուշադրություն է դարձվել նաև աղմուկի և հոտի խնդիրների լուծման հարցերին...»,- պատմել են ՀԾԿՀ-ի անդամները:

Այդ ամենը տեսած ու իրենց տեսածից հիացած հանձնաժողովականները վերադարձին ոչինչ չեն արել, որպեսզի «Վեոլիա ջուրը» Երևանի ամենախոշոր՝ «Աէրացիա» մաքրման կայանի վիճակը ինչ-որ չափով մոտեցնի Ֆրանսիայում իրենց տեսածին: Չեն պահանջել, որպեսզի ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին ներկայացնի գործողությունների աստիճանական բարելավման պլան: Եթե չեն ցանկանում բարելավել ԿՄԿ-ների վիճակը, ապա վերանայել՝ ընկերությանը բնապահպանական վճարների գծով տրված արտոնությունները և կեղտաջրերի մաքրման դիմաց կատարվող գանձումների հարցը:

Կառավարության 2017թ. դեկտեմբերի 21-ի N1697-Ն որոշման համաձայն՝ բաժանորդներին ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման յուրաքանչյուր խմ հեռացված ջրի դիմաց սահմանվել է 28.712 դրամ (ներառյալ՝ ԱԱՀ): Սակագնի 27 դրամը գանձվում է բնակիչներից, իսկ 1.712 դրամը պետբյուջեից տրվող սուբսիդա է (ներառյալ ԱԱՀ)։

ՋԿ նախկին նախագահ Ի. Գաբայանը վիճակը խիստ մտահոգիչ էր համարել և վստահեցրել, որ հրատապ քայլեր կձեռնարկվեն՝ մաքրման կայանում վիճակը հիմնովին կարգավորելու համար: Այս իրավիճակում միանգամայն տեղին էր համարվել կեղտաջրերը մաքրելու և տեղափոխելու համար ընկերությանը վճարվող 28.712 դրամից կեղտաջրերը մաքրելու համար գանձվող վճարը նվազեցնելու հարցը: ՋԿ-ում քննարկել են այդ հարցը և որոշել՝ քանի որ «Վեոլիա ջուր»-ը չի կատարում պայմանագրով ստանձնած պարտավորությունը և կեղտաջրերի մաքրում չի իրականացնում, հետեւաբար, պետք է տարբերակել կեղտաջրերը մաքրելու վճարը տեղափոխելու վճարից և արժեքից նվազեցնել։ Հաջորդ քայլը՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ից վերցնել կեղտաջրերը մաքրելու ծառայությունը և հանձնել այլ օպերատորի: Նույնիսկ գերմանական մի ընկերություն է ընտրվել դրա համար, բայց այդ շրջանում սկսեց ակտիվորեն շրջանառվել Ի. Գաբայանին պաշտոնանկ անելու հարցը, և ամեն ինչ մոռացության տրվեց: