Ազգային Ժողովի պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Պարզվում է՝ ՀՀ Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովում պատգամավորի կողմից հնչեցված մտքերը կարող են առիթ հանդիսանալ որոշ մարդկանց համար հետապնդում սկսելու իրենց աշխատակիցների նկատմամբ:

Իսկ հիմա առավել առարկայական: 2019թ. մայիսի 27-ի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում հարց էի բարձրացրել ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի հետ կապված՝ նշելով, որ արդեն ամիսներ է մի խումբ աշխատակիցներ բողոքում են տվյալ հաստատությունում տեղ գտած չարաշահումների դեմ, որից հետո աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը գրավոր պարզաբանում է պահանջել գիտաշխատողներից ու սպառնացել հեռացնել աշխատանքից: Այս գրառմամբ ցանկանում եմ զգուշացնել բոլոր հաստատությունների ղեկավարներին, որ որևէ աշխատակից չի կարող հեռացվել աշխատանքից կամ նկատողություն ստանալ իր իրավունքների իրացման կապակցությամբ, իսկ հաստատությունների ղեկավարները պետք է մնան իրենց վերապահված գործառույթների շրջանակներում և ապահովեն իրենց վստահված հաստատությունների բնականոն գործունեությունը: Գիտական հարցերի քննարկման փոխարեն որոշ մարդիկ զբաղված են իրենց պաշտոնի հավերժացմամբ ու պաշտպանությամբ:

Հ.Գ. Ստորև տեղադրում եմ նաև քաղվածքը, որտեղ Բյուրականի աստղադիտարանի տնօրենը բացատրագիր է պահանջում իր աշխատակիցներից»։