ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը, որը Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն էր, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ հրաժարական է տվել:

«Հարգարժան գործընկերներ, խնդրում եմ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, նույն հոդվածի 2-րդ մասի և 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, ընդունեք իմ հրաժարականը, լիազորությունները դադարած համարելով առաջիկա աշխատանքային օրվանից՝ հունիսի 10-ից: Միաժամանակ, խնդրում եմ նկատի ունենալ, որ Բարձրագույն դատական խորհրդի նիստում սույն հրաժարականի քննարկմանը, հասկանալի դրդապատճառներով, նպատակահարմար չեմ գտնում մասնակցել: Այս փուլում, կարծում եմ, որ չկան խիստ հրատապ լուծում պահանջող խնդիրներ, ուստի ըմբռնումով կմոտենաք իմ հրաժարականին»,- գրել է Դանիելյանը:

Նա գրել է, որ Գագիկ Հարությունյանի ղեկավարությամբ մեկ տարի աշխատել են աննախադեպ ծանրաբեռնված ռեժիմով, աշխատանքային ու շենքային գրեթե անընդունելի պայմաններում, մամուլում հաճախակի հանդիպող ակնհայտ կեղծ, ստահոդ տեղեկատվության ներքո։

Դանիելյանին կփոխարինի իրենից հետո տարիքով ավագ ԲԴԽ անդամը։