Հայաստանի ու տարածաշրջանի կարևորագույն հնավայրերից մեկի՝ Երևանի Կարմիր բլուրի մի հատվածը, շուրջ երեք տասնամյակ թաղված էր շինաղբի տակ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից:

«Անցյալ տարի սեպտեմբերին, երբ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ներկայացնում էր նախընտրական ծրագիրը, մի ծավալուն մաս կար հատկացված «Կարմիր բլուր»-ին: Այնտեղ շեշտվում էր, որ հնավայրը պետք է ազատվի շինարարական աղբից և դառնա հետաքրքիր մշակութային, զբոսաշրջային վայր»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:

Նշենք, որ գաղափարը միավորել է նաև տարբեր անհատների, և «Ազատենք Կարմիր բլուրը շինաղբից» քաղաքացիական նախաձեռնության շնորհիվ հանգանակված միջոցներով հնարավոր եղավ մաքրել տարածքի շուրջ 10 %-ը:

Այսօր աշխատանքները շարունակվում են Երևանի քաղաքապետարանի միջոցներով: Տարածքն ամբողջությամբ մաքրելու համար պետք է տեղափոխվի շուրջ 700 բեռնատար աղբ՝ նախնական հաշվարկից գրեթե կրկնակի ավելին:

«Մենք մտածում էինք, որ շինաղբը մոտ 1մ է խորությամբ է, սակայն աշխատանքների ընթացքում պարզվեց, որ իրականում 1.5 մետր է: Մարդիկ կառույցներ են քանդել և պարզապես բերել լցրել այստեղ»,- նշել է Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը:

Կարմիր բլուրից արդեն իսկ 80 բեռնատար շինաղբ է տեղափոխվել: Տեխնիկան այստեղ կաշխատի ամեն օր: Եվ որպեսզի հնագիտական շերտերը չվնասվեն՝ տեղում աշխատանքները հսկում են հնագետները:

«Մոտ մեկ ամսվա ընթացքում կունենանք ամբողջովին մաքրված Կարմիր բլուր: Արդեն 2-րդ փուլում կկատարավեն ցանկապատման և լուսավորության անցկացման աշխատանքները»,- ընդգծել է փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:

«Սա աննախադեպ քայլ է, որովհետև անկախ Հայաստանի պատմության մեջ որևէ հուշարձան նման ծավալներով չի մաքրվել: Սա ունի նաև իր գաղափարական բաղադրիչ. մեր հարևան թուրքերը, տնօրինելով ուրարտական հուշարձանները և դրանք դարձնելով զբոսաշրջային կենտրոններ, ներկայացնում են դրանք որպես իրենց ժառանգության մի մասը»,- նկատել է Միքայել Բադալյանը:

Տարիներ շարունակ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանն ընկալվում էր միայն Էրեբունի ամրոցով: Այսօր մշակվում է երեք հնավայրերի հանրահռչակման համալիր ծրագիր: