ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հունիսի 9-ին Աբովյանում քաղաքապետի ընտրություններին, ասել է՝ հաղթել է ժողովրդավարությունը, ինչն ամենակարևորն է:

«Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի պարտությանը, ապա մենք հենց սրա համար ենք արել Թավշյա հեղափոխությունը, որ տեղ-տեղ իշխանական կուսակցության թեկնածուները հաղթեն, տեղ-տեղ՝ պարտվեն: Եվ եթե հիշում եք, հեղափոխությունից առաջ մեր խնդիրը նախկին իշխող ՀՀԿ-ի քաղաքական մենաշնորհի վերացումն էր, այնպես, որ ՀՀ-ն ևս մեկ անգամ արձանագրել է՝ ժողովրդավարական երկիր է», - ասել է Փաշինյանը:

Վարչապետը նկատել է, որ սա փաստում է նաև, որ մեր երկրում իշխող ուժը որևէ ապօրինի լծակ չի գործադրում իշխանությունը զավթելու համար:

Հարցին, թե արդյոք սա իշխող ուժի վարկանիշի անկման մասին չի վկայում, Փաշինյանը հիշեցրել է 2018թ-ի Կապանի քաղաքապետի ընտրությունները, որտեղ նույնպես իշխող ուժի թեկնածուն պարտվել էր:

«Հեղափոխությունից 2 ամիս անց հաղթեց ոչ իշխանական թեկնածու», - հիշեցրել է Փաշինյանը: