Հունիսի 15-ին Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա էներգաարդյունավետության «Միասին պայծառ է» փառատոնը:

Փառատոնը, որը 2016թ-ից ավանդաբար անցկացվում է Ռուսաստանում (#ВместеЯрче), էներգաարդյունավետության և էներգիայի խնայողական օգտագործման մասին իրազեկող ամենախոշոր միջոցառումներից է։ 2018թ-ից այն դարձել է տարածաշրջանային ԵԱՏՄ երկրների համար, և այս տարի առաջին անգամ անցկացվելու է նաև Հայաստանում՝ Վանաձորում։ Փառատոնի նպատակն է հանրության շրջանում Էներգաարդյունավետության վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացումը, երիտասարդների շրջանում էներգաարդյունավետության, էներգախնայող տեխնոլոգիաների և վերականգնվող էներգետիկայի նկատմամբ ճանաչողական հետաքրքրության և ստեղծագործական մտքի խթանումը, ինչպես նաև դպրոցականների և երիտասարդների շրջանում շրջակա միջավայրի պահպանման նկատմամբ ակտիվ դիրքորոշման ձևավորումը:

Կազմակերպիչների փոխանցմամբ, Հայաստանում միջոցառումն իրականացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ «Եվրասիական տնտեսական միության երկրներում էներգիայի արդյունավետության խթանման կարգավորող շրջանակ» ծրագրի (ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության և իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից) աջակցությամբ։ Միջոցառման գործընկերներն են նաև Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպություններ:

Ողջ ընտանիքի համար նախատեսված ուրախ փառատոնի շրջանակում կիրականացվեն տարբեր գիտափորձեր, մրցույթներ, վարպետության դասեր: Մասնակիցներին սպասվում է նաև մշակութային ժամանց՝ տիկնիկային թատրոն, լուսանկարահանում հեքիաթային տաղավարում, համերգային ծրագիր՝ Lav Eli և Clocker ռոք խմբերի մասնակցությամբ։

Փառատոնին միացել է նաև մասնավոր սեկտորը. էներգախնայողության քաղաքականություն վարող «Վեգա» ընկերության աշխատակիցները մասնակիցներին կտեղեկացնեն, թե ամենօրյա օգտագործման կենցաղային տեխնիկան ինչ դեր ունի էներգախնայողության գործում, տեղում կցուցադրեն ու կսովորեցնեն՝ ինչպես ընտրել էներգաարդյունավետ տեխնիկա` հօգուտ բնության և սեփական գրպանի։

Փառատոնի հաջորդ օրը՝ հունիսի 16-ին, ՔՈԱՖ Սմարթ կենտրոնում (Դեբեդ) կանցկացվի աշխատանքային քննարկում, որի շրջանակում էներգաարդյունավետության ոլորտի դերակատարներն ու մասնագետները կքննարկեն էներգաարդյունավետության, վերականգնվող էներգետիկայի ոլորտում նոր՝ էներգախնայող տեխնոլոգիաների առանձնահատկությունները, համայնքներում էներգաարդյունավետության ուղղությամբ կատարված աշխատանքներն ու մինչ այժմ իրականացրած ծրագրերի արդյունքները: