Թուրքիայի բանտերում գտնվող ուսանողների թիվը հասել է 69․301–ի (2016թ․ սեպտեմբերի դրությամբ)։ «Էրմենիհաբեր»-ը գրում է, որ այդ մասին տեղեկացրել է Թուրքիայի արդարադատության նախարարությունը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Գամզե Աքքուշ Իլգեզի հարցմանը։

Ուսանողների փաստաբաններից Հյուսեյին Բողաթեքինը տեղեկացնում է, որ մեծ մասամբ ուսանողները մեղադրվում են զինված ահաբեկչական խմբավորումներին անդամակցելու մեջ, ինչի համար որպես հիմնավորում նշվում է նրանց անդամակցությունը համալսարանի կազմի մեջ մտնող զանազան ուսանողական միություններին, նրանք մասնակցել են Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախագահ Թահիր Էլչիի սպանության կամ Շըրնաքի Ուլուդերե շրջանում տեղի ունեցած կոտորածի հիշատակին կազմակերպված միջոցառումներին։

Որպես հանցակազմ են որակվել նույնիսկ որոշ ուսանողների՝ համալսարանական ճամբարում «քրդական երգերի տակ հայդուկային պարեր պարելու, մատներով հաղթանակի նշան ցույց տալու և կարգախոսներ հնչեցնելու» հանգամանքը։

Փաստաբանն ընդգծում է, որ այդ մեղադրանքների հիման վրա ձերբակալված կամ կալանավորված ուսանողները հնարավորություն չեն ունենում մասնակցելու համալսարանական քննություններին և այդպիսով զրկվում են ուսումը շարունակելու հնարավորությունից։ Մյուս կողմից, երբ որևէ ուսանողի դեմ քրեական հետաքննություն է սկսվում, համալսարաններն իրենք մեխանիկորեն հեռացնում են այդ ուսանողին՝ անկախ գործի հետագա ընթացքից ու դատարանի որոշումից։

2016թ․ նոյեմբերին ուժի մեջ մտած համար 677 KHK-ի (օրենքի ուժ ունեցող որոշում) համաձայն՝ կալանքի տակ գտնվող կամ ազատազրկման դատապարտված այն ուսանողները, ովքեր մեղադրվում են ահաբեկչական խմբավորման հետ կապի մեջ, զրկվում են ողջ երկրում կազմակերպվող որևէ կրթական հաստատությունում կազմակերպվող քննություններին մասնակցելու իրավունքից։