Փարիզի Աստվածամոր տաճարում ապրիլի 15-ին տեղի ունեցած հրդեհից հետո կմատուցվի առաջին պատարագը։ France 24-ը, գրում է, որ պատարագը անցկացնելու է Փարիզի արքեպիսկոպոս Միշել Օպետին։ Արարողությունն անցկացվելու է մատուռի կողային հատվածում։ Պատարագին ներկաների թիվը սահմանափակվել է մինչև 20 մարդ՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Պատարագն ուղիղ եթերով հեռարձակվելու է ֆրանսիական հեռուսալիքներով։

Հիշեցնենք, որ Նոտր Դամում հրդեհը բռնկվել էր ապրիլի 15-ին, ինչի հետևանքով փլվել է տաճարի որոշ հատվածներ։ Փարիզի Աստվածամոր տաճարը սկսել են կառուցել 1163թ. Սուրբ Ստեփանոսի բազիլիկ եկեղեցու տեղում, որն իր հերթին հիմնվել էր հեթանոսական Յուպիտերին նվիրված տաճարի վրա։ Կառուցումը տևել է մոտ 200 տարի։ 1991թ-ին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Հայտարարվել է, որ տաճարի վերականգնում կտևի 5 տարի։