ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է․

«Այն բանից հետո, երբ այս տարվա մայիսի 18-ին Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց, դատարանների նկատմամբ տեղի ունեցան աննախադեպ ճնշումներ»։

Նա նշեց, որ այդ ճնշումները նպատակ ունեին ոչ միայն պատժել այն դատավորին, ով, պատկերավոր ասած, համարձակվեց պարոն Քոչարյանին ազատ արձակել, ըստ էության ուղղակի կիրառեց օրենքը, ինչ պարտավոր էր անել, նաև ահաբեկել այն դատավորներին, որոնք ապագայում պետք է քննեն այդ գործը։

«Ցանկացած դատավոր այսուհետ, ով գործ կունենա պարոն Քոչարյանի քրեական գործի հետ, ինքն արդեն հասկանում է, թե ինչ տեղի կունենա, եթե իր կողմից կայացվելիք դատական ակտը դուր չգա այսօրվա գործադիր կամ օրենսդիր իշխանություններին։ Աննախադեպ ճնշումներ, երևի մարդկության պատմության մեջ եզակի իրենց բնույթով։ Չգիտեմ մի երկիր, համենայնդեպս այդքան շփվել եմ տարբեր երկրների փաստաբանների հետ, հաճախ շփումների ժամանակ բացասական փորձն ենք միմյանց հետ քննարկում, թե որ պետությունում ինչ հակադեմոկրատական քայլեր է ձեռնարկում գործադիր իշխանությունը, ինչպես կարելի է դրան հակազդել, որևէ երկրի փաստաբանից որևէ անգամ չեմ լսել, որ դատարանների նկատմամբ նման վերաբերմունք դրսևորված լինի։ Նույնիսկ այն երկրների փաստաբաններից, որ երկրները մենք համարում ենք ժողովրդավարական առումով ամենահետամնաց։ Մեր երկրում տեսանք այն, ինչ չպետք է տեսնեինք, այդ բիրտ ու վայրագ ճնշումները դատարանների նկատմամբ»,- ասել է Հայկ Ալումյանը։

Նրա կարծիքով, այժմ բոլորի համար հասկանալի է, թե ինչ վիճակում է վերաքննիչ դատարանի այն դատավորը, ով պետք է քննի դատախազների, տուժող կողմի բողոքն առաջին ատյանի դատարանի դեմ։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքները քննող Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը հունիսի 14-ին հեռացել է խորհրդակցական սենյակ՝ պաշտպանական կողմի, նաև տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունների վերաբերյալ որոշում կայացնելու։