Այսօր շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրն է։ Մականունն էր «Երկաթե Տիգրան»՝ իր գրեթե անխորտակելի պաշտպանության համար։ Վեց տարի շարունակ պահպանել է շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Տ. Պետրոսյանը ծնվել է 1929թ-ի հունիսի 17-ին Թիֆլիսում։ Տիգրան Պետրոսյանը շախմատով սկսել է զբաղվել 1940-ական թթ-ից, թբիլիսյան Պիոներների պալատում, որտեղ իր վարպետությունը կատարելագործել է Արչիլ Էբրալիձեի գլխավորությամբ։

Առաջին հաջողություններն արձանագրել է Համամիութենական պատանեկան առաջնություններում։ Սպորտի վարպետի նորման լրացրել է 1947թ-ին ԽՍՀՄ առաջնության կիսաեզրափակչում։ Երկրի 1949թ-ին առաջնության եզրափակչում գրավել է 16-րդ տեղը։ Մոսկվատեղափոխվելուց հետո հիանալի արդյունքների է հասել։ 1950թ-ին ԽՍՀՄ առաջնությունում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, իսկ 1951 և 1956թթ-ի մրցաշարերում մրցակցությունից դուրս էր։ 1951թ-ի առաջնությունում ցուցադրել է խաղի գրոսմայստերական վարպետություն (2-3-րդ տեղեր) և 1952թ-ի միջփնջային մրցաշարին մասնակցելու իրավունք նվաճել։ Այդ առաջնությունում նույնպես բաժանել է 2-3-րդ տեղերը։ Սկսած այդ ժամանակից՝ աշխարհի առաջնությունների անփոփոխ մասնակից է։ 1953թ-ին հավակնորդների մրցաշարում գրավել է 5-րդ տեղը։ 1955թ-ին միջփնջային մրցաշարում 4-րդն էր, 1958թ-ին՝ 3-4-րդը, 1962թ-ին՝ 2-3-րդը։ 1959թ-ին հավակնորդների մրցաշարում գրավել է 3-րդ տեղը։

1962թ-ին հաղթելով հավակնորդների մրցաշարում՝ Տիգրան Պետրոսյանն իրավունք է ստացել Մ. Բոտվիննիկի հետ վիճարկել աշխարհի չեմպիոնի կոչումը։ Բոտվիննիկին Պետրոսյանը հաղթեց 1963թ-ին և նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը։

1966թ-ին Տիգրան Պետրոսյանը պահպանեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը՝ հաղթելով Բորիս Սպասկիին։ 1969թ-ին շախմատի աշխարհի առաջնության ժամանակ պարտվեց նույն Բորիս Սպասկիին։ 1971-1980թթ-ին շարունակել է պայքարը աշխարհի չեմպիոնի կոչման համար։ ԽՍՀՄ հավաքականի կազմում 9 անգամ հաղթել է շախմատի օլիմպիադաներում։

Տ. Պետրոսյանը մահացել է 1984թ-ին։