Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքի բնակիչներն այսօր հավաքվել էին գյուղապետարանի դիմաց՝ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ հանդիպելու ակնկալիքով: Նրանք պահանջում էին լուծել սողանքային գոտում գտնվող իրենց տների հարցը:

Ողջաբերդցիների խոսքով՝ իրենց տները սողանքի հետևանքով դարձել են վթարային ու բնակության համար ոչ պիտանի: Այժմ նրանք փոխհատուցում են պահանջում:

Նշենք, որ մարզպետը եկավ Ողջաբերդ, հանդիպեց բնակիչների հետ, սակայն հանդիպումը փակ էր:

Հանդիպման ավարտից հետո մարզպետը ներկայացրեց քննարկման արդյունքները: Նա նախ նշեց, որ խնդրի լուծման ճանապարհային քարտեզը ներկայացրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, բացի այդ, առանձնազրույց է ունեցել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ:

«Այս պահի դրությամբ կառավարությունը խնդրի լուծումը տեսնում է երեք փուլերով: Առաջին փուլով նախատեսվում է բյուջեի պահուստային ֆոնդից այս տարի փոխհատուցում տրամադրել առավել ռիսկային վիճակում գտնվող 10 տների բնակիչներին։ Երկրորդ փուլով փոխհատուցում կհատկացվի 49 ընտանիքի, երրորդ փուլով՝ 47 ընտանիքի»,- ասաց Ռոմանոս Պետրոսյանը:

Մարզպետի խոսքով՝ իրենք հետազոտություն են անցկացրել, որպեսզի պատկերացում կազմեն, թե ինչպես պետք է խնդիրը լուծվի:

«Դրա հիման վրա է կառավարությունն առաջադրում այդ լուծումը, ինչը, կարծես թե, բնակիչների համար ընդունելի է»,- նշել է Ռոմանոս Պետրոսյանը:

Նա նաև ասել է, որ առաջիկա 2-3 շաբաթներին կստեղծվի աշխատանքային խումբ՝ կազմված ԱԻՆ-ի, Կոտայքի մարզպետարանի, Քաղաքաշինության կոմիետի ներկայացուցիչներից:

Ռոմանոս Պետրոսյանը նաև նշեց, որ Ողջաբերդի բնակիչներին խնդրել է զերծ մնալ ակցիաներից, քանի որ խնդիրը կառավարության օրակարգում է, կա դրա լուծման փաթեթը և ակցիաների կարիք չկա:

Բնակիչներից մեկն էլ հայտնեց, որ մարզպետի հետ հանդիպումից գոհ են, այս պահի դրությամբ, կարծես թե, աշխատանքներ են տարվում:

«Մեր բողոքը հասավ տեղ, հետագայում արդեն կերևա»,- ասել է նա: