Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ ի պատասխան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե այս պահի դրությամբ ԿԲ-ն ի՞նչ պահուստներ է տնօրինում, ԱԺ-ում պետական բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվության քննարկմանն ասել է․

«ԿԲ-ն նախատեսում է որոշակի ծավալի ոսկու պաշար ունենալ»։

«2004թ-ին ԿԲ-ն վաճառել է այն ժամանակվա համար ոչ մեծ քանակի՝ 1,6 տոննա ոսկի, քանի որ այդ պահին եկամուտների հետ խնդիր է եղել։ Այդ ոսկուց տոկոս չէին ստանում այն ժամանակ, իսկ երբ վաճառվել է, արդյունքում ներդրվել է բարձրորակ գործիքների մեջ, որի արդյունքում շահույթ ունեցել ենք։ Ոսկու գները շատ մեծ փոփոխությունների են ենթարկվում և այսօր կան շատ հուսալի ու ավելի իրացվելի գործիքներ, քան ոսկին։ Բայց ամեն դեպքում արդեն երկու տարի աշխատում ենք հեղինակավոր շվեյցարական ընկերության հետ ՀՀ-ում ոսկու գործարան բացելու ուղղությամբ։ Վերջին ակորդներն են և շատ շուտով ՀՀ-ում կբացվի ոսկու աֆինաժի գործարան, որտեղ կարտադրվեն բանկային ձուլակտորներ: Մեր ոսկի արտադրողները հնարավորություն կունենան ոչ թե դորեի՝ ձուլակտորների տեսքով ոսկին արտահանել, որը 80-90 տոկոսանոց ձուլակտորներ են, որից 10 տոկոսը կարող է այլ մետաղ կամ այլ նյութեր լինել, այլ հնարավորություն կստանան բոլորը կամ հանձնել գործարանին՝ արդյունքում ստանալ բանկային ձուլակտոր, կամ վաճառել»,- պատասխանել է ԿԲ նախագահը։

Նրա խոսքով՝ արդեն ամեն ինչ պատրաստ է և արդեն հաջորդ տարի այդ հնարավորությունը կլինի.

«Սարքավորումները, տեղը ընտրված է, ԿԲ-ն էլ կարող է բաժնետեր լիներ՝ լուռ բաժնետեր, 6-7 տոկոս, դա իրենց պահանջն է և դա կբերի խնդրի լուծմանը»։