Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողության ժամանակ հնչած «Հայկական վալս»-ի հեղինակ Դան Ղարիբյանը հանդես կգա Երևանում։

Երաժշտության տոն՝ Երևանում. հունիսի 21-ին ժամը 18:30-ից սկսած Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ Սիրահարների այգում կնշվի երաժշտության տոն՝ Դան Ղարիբյան տրիոյի մասնակցությամբ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը, համերգին կհնչեն երգեր ֆրանսիական երաժշտության երգացանկից, գնչուական բալլադներ, Երևանին, Սալոնիկին և Օդեսային նվիրված երգեր՝ գրավիչ ձայնով "Bratsch" խմբի նախկին կիթառահար ֆրանսահայ Դան Ղարիբյանի կատարմամբ՝ գնչուական ջազի հիանալի կատարողներ, կիթառահար Բընուա Կոնվերի և ակորդեոնահար Անտուան Ժիրարի նվագակցությամբ: Դան Ղարիբյանը Շառլ Ազնավուրի «Ազգային հարգանքի տուրքի» արարողության ժամանակ հնչած և հանրահայտ դարձած «Հայկական վալսը» երգի հեղինակն է:

1982թ-ին Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ ստեղծված «Երաժշտության տոն»-ը ("Fête de la Musique") ամենամյա միջազգային փառատոն է, որն անց է կացվում ամբողջ աշխարհում յուրաքանչյուր տարի նույն օրը, հունիսի 21-ին՝ ամառային արևակայության օրը, որի նպատակն է տոնել երաժշտության բազմազանությունը՝ հանրությանը մատուցելով անվճար և հիմնականում բացօթյա համերգներ:

Այս տարի այն կանցկացվի 120 երկրներում: Արդեն 12-րդ տարին անընդմեջ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության նախաձեռնությամբ «Երաժշտության տոն» ամենամյա միջազգային փառատոնը նշվում է նաև Հայաստանում: Մուտքն ազատ է: