Ազգային ժողովը քննարկել է Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության) անդամ պետությունների համագործակցության մասին համաձայնագիրը, որը ԱԺ-ին ներկայացրել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

Վանեցյանը նշել է, որ այն վերաբերում է միայն ՀԱՊԿ-ին, «ՀՀ ներքին հարցերին վերաբերող որևէ տեղեկատվություն չի փոխանցվելու», հայտնում է Aysor.am-ը:

Նրա ներկայացմամբ, համաձայնագրի հիմնական նպատակներն են ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական անվտանգության հետագա զարգացումը, տեղեկատվական ոլորտում սպառնալիքներին հակազդման մեխանիզմների կատարելագործումը, ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական տիրույթում ապօրինի գործունեությունների հակազդեցությունը, փոխադարձ աջակցությունը, համագործակցությունը, փորձի փոխանակում, կադրերի պատրաստում։

Հայաստանի բյուջեից համակարգի ներդրման և տեխնոլոգիաներով ապահովման համար որոշակի գումար կտրամադրվի։ Վանեցյանը, սակայն, չի նշել գումարի չափը՝ դա համարելով պետական գաղտնիք։

Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Վանեցյանն ասել է, որ համակարգը գործելու է ՀԱՊԿ անդամ երկրների միջև, տեղեկատվությունը փոխանցվելու է ըստ նպատակահարմարության։

«Կան համապատասխան պետական կառույցներ, որոնք որոշելու են՝ արդյոք նպատակահարմա՞ր է, որ տեղեկատվությունը փոխանցվի երկրորդ կամ երրորդ երկրին, թե՞ ոչ։ Նույն տրամաբանությամբ որոշվելու է նաև ՀԱՊԿ անդամ երկրների միջև։ Այս համաձայնագրում կան պայմաններ, չափորոշիչներ, որը պետությունը հաշվի է առնելու և բացառվում է, որ ունենանք որևէ տեղեկատվության արտահոսք, որը կվնասի ՀՀ անվտանգությանը։ Սա փակ համակարգ է, որը վերաբերում է միայն ՀԱՊԿ-ին, մեր երկրի ներքին հարցերին վերաբերող որևէ տեղեկատվություն չի փոխանցվելու», - հայտարարել է Վանեցյանը՝ ընդգծելով, որ այս համաձայնագիրը պարզապես դյուրացնելու է ՀԱՊԿ-ի ներսում աշխատանքը։