Թբիլիսիում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գերագույն ասամբլեայի 26-րդ նստաշրջանում վրացական «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամները պահանջել են, որ ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը ԱԺ խոսնակի տեղից չվարի նիստը։

Վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Նրանք հայտարարել են՝ Ռուսաստանն օկուպանտ է, և ռուս պատգամավորների ներկայությունը դահլիճում անարգանք է Վրաստանի և Ուկրաինայի նկատմամբ:

Միջոցառմանը մասնակցող հայկական խորհրդարանական պատվիրակությունը (Ալեն Սիմոնյանը, Իվետա Տոնոյանը, Արփի Դավոյանը, Հովհաննես Հովհաննիսյանը) լքել է նիստերի դահլիճը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է Ալեն Սիմոնյանը:

Նիստն այժմ ընդհատվել է: Հայտարարվել է, որ ստիպված են շարունակել նիստն այլ վայրում։