ՀՀ կառավարությունը հունիսի 20-ի նիստում հաստատել է «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի նախագիծը. այն առաջիկայում կուղարկի Ազգային Ժողով։

2016թ-ին ընդունված և 2018թ-ից գործող Հարկային օրենսգրքի համաձայն, Հայաստանում պետք է ներդրվի անշարժ գույքի գնահատման և հարկման միասնական համակարգ։ Ըստ այդմ, առաջարկվում է՝ նախ, ներկայումս գործող հողի հարկը և գույքահարկը փոխարինել անշարժ գույքի միասնական հարկի գաղափարով, ապա՝ անշարժ գույքի հարկման բազայի կադաստրային արժեքից անցում կատարել իրական շուկայականին մոտարկված կադաստրային արժեքին:

Կառավարության նիստում հարցը զեկուցելիս Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն ավելացրել է, որ ներկայացված փոփոխությունները չեն վերաբերում գյուղատնտեսական նշանակության հողերին։

Անշարժ գույքի գնահատման կարգը դիտարկվում է երեք ձևով՝ հողամաս, հողամաս իր բարելավումներով, այդ թվում՝ առանձնատներ, արտադրական ու հասարարական առանձին շինություններ։ Երրորդը բազմաբնակարան շենքերի բնակարանների, ոչ բնակելի տարածքների, ավտոտնակների և բազմաբնակարան շենքում տեղակայված հասարակական ու արտադրական շինությունների գնահատման կարգն է։ Առանձնատների մասով մասնավորապես հստակեցվել են, օրինակ, լողավազանները, թենիսի կորտերը, շվաքարանները։ Գնահատման տրամաբանության մեջ նվազեցվել են, օրինակ, արտադրական և հասարակական շենքերում բարձր առաստաղներ ունեցող տարածքների գործակիցները և այլն։

Նախագիծը սահմանում է 2021թ-ի հունվարի 1-ից նոր հարկման բազայի տրամաբանությունը։ Հաջորդելու են դրույքաչափերի, նվազագույն հարկման շեմի սահմանումը և հարկման նպատակով իրականացված նոր տարածագնահատման գոտիավորումը։ Ներկայումս գործող գոտիները վերանայվել ու մասնատվել են, տրվել նոր ձևաչափերով՝ կոորդինատներով և քարտեզներով։

«Այս փոփոխությամբ բացառվելու են շուկայականից ավելի բարձր գնահատված հողերի կադաստրային արժեքները, որոնց վերաբերյալ նախկինում շատ են բարձրաձայնել տեղական ինքնակառավարման մարմինների և բիզնեսի ներկայացուցիչները»,-ասել է Պետրոսյանը։

Նորամուծություն է նաև հողամասի և բնարականի մեկ քառակուսի մետրի համար նոր բազային արժեքների հիման վրա Հանրապետության ողջ տարածքի շուկային մոտարկված կադաստրային արժեքներ ձևավորումը։ Չնայած վերը նշված կարգավորումների մի մասը կառավարությունըսահմանելու է օրենքի ընդունումից հետո, սակայն տարբեր ձևաչափերով արդեն իսկ քննարկվել են այդ բազային արժեքները։ Դրանց վերաբերյալ հանրության շրջանում հանդիպում են որոշակի մտահոգություններ, ուստի Կոմիտեի ղեկավարը շեշտել է, որ փաթեթով ներկայացված ու շահարկվող՝ հողի բազային 330,000 դրամ և բնակարանի բազային 700.000 դրամ արժեքները վերաբերում են առաջին ամենաթանկ գոտուն:

«Օրինակ, բնակարանի համար սահմանված 700,000 դրամը վերաբերում է Երևանի փոքր կենտրոնում, առաջին գոտում գտնվող, քանակական և որակական ամենաբարձր բնութագրիչներ ունեցող, նորակառույց մոնոլիտ երկաթբետոնե կոնստրուկցիաներով ժամանակակից բոլոր հարմարություններով վերանորոգված բնակարանի մեկ քառակուսի մետրին։ Այս տվյալները ստուգվել են բազմաթիվ անգամ, բազմաթիվ գույքերի համար և դիմացել բոլոր տեսակի քննադատական վիճարկումներին», - ասել է նա։

Կադաստրի կոմիտեի ղեկավարն իր ելույթում մեկ անգամ ևս շեշտել է, որ տվյալ նախագծի ընդունումը չի ենթադրում գույքային հարկերի բարձրացում։ Նպատակը Հայաստանում անշարժ գույքը պատշաճ գնահատելն է, ինչը կարող է բազմաթիվ կիրառումներ ունենալ. օրինակ, պետական ու համայնքային սեփականություն հանդիսացող հող օտարելիս կամ վարձակալության տրամադրելիս մեկնարկային գնիսահմանումը։ Ինչ վերաբերում է դրույքաչափերի և չհարկվող շեմի վերջնական պատկերին, Պետրոսյանը փոխանցեց, որ կառավարության մի շարք գործընկերների հետ այս պահին կադաստրի կոմիտեի տվյալների հիման վրա իրականացվում է վերլուծական աշխատանք, և արդյունքը կներկայացվի պատրաստ լինելուն պես։

Նման փոփոխություն վերջին անգամ կատարվել է 2002թ-ին, իսկ սրանով նախատեսվում է բազային արժեքներն այսուհետ վերանայել երեք տարին մեկ անգամ։ Նախատեսվում է տեղեկատվության հընթացս հավաքագրման գործընթացի կատարելագործում, որի արդյունքում ապագայում նոր գնահատումներն իրականացվելու են առանց պետական միջոցների հավելյալ նպատակային հատկացման՝ Կադաստրի կոմիտեի մարդկային ռեսուրսների ու ծրագրային ապահովման միջոցով։

Գույքային հարկերի համակարգի վերանայումն իրականացվելու է երկու փուլով, և սա առաջին՝ մեկնարկային, փուլն է.

«Ուստի, զանգվածային լրատվության միջոցներին և փորձագիտական շրջանակներին խնդրում ենք զերծ մնալ քաղաքացիների շրջանում տեղեկություններ տարածելուց, թե անխտիր ցանկացած գույքի համար շոշափելիորեն բարձրանալու են հարկերը. սա որևէ աղերս չունի ներկայացված նախագծերի հետ», - ասել է Պետրոսյանը: