Կյանքից հեռացել է կոմպոզիտոր, դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Ստեփան Շաքարյանը: Հոգեհանգստի և հուղարկավորության մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ:

Ստեփան Շաքարյանը ծնվել է 1935թ-ի հոկտեմբերի 23-ին Բաքվում: 1952թ-ին տեղափոխվել է Երևան: Ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, իսկ 1956թ-ին Արամ Խաչատրյանի խորհրդով և հրավերով տեղափոխվել է Մոսկվայի Գնեսինների անվան ինստիտուտ, այնուհետև՝ Լենինգրադի կոնսերվատորիա: Ավարտել է ուսումը և վերադարձել Երևան։

Նա ՀՀ ռադիոպետկոմի մենակատարների ջազ-անսամբլի հիմնադիր-ղեկավարն է։

2009թ-ին «Շարմ հոլդինգ» ընկերությունը թողարկել է Ստեփան Շաքարյանի «Լուսինը սարերի վրա» ձայնասկավառակը, որը ներառվել է «Հայկական ջազ 70» ձայնասկավառակների հավաքածուում:

Շաքարյանն ստեղծել է ավելի քան 100 ջազային կոմպոզիցիա, որոնք ընդգրկված են հայկական տարբեր ջազային կոլեկտիվների նվագացանկերում։ Նրա ստեղծագործությունները կատարում են Հայաստանի պետական ջազային, Հանրային հեռուստա-ռադիոընկերության էստրադային և ջազային և մի շարք այլ նվագախմբեր։ Ստեփան Շաքարյանը մշակել է հայկական ժողովրդական երգերը, որոնց տվել է ջազային շունչ։ «Բինգյոլից մինչև Կանզաս սիթի» ստեղծագործությունը դարձավ հայկական ջազի ստանդարտ։ Նրա սիմֆոնիաները և կոնցերտները հնչեցրել են հայ և այլազգի բազմաթիվ կատարողներ։

Շաքարյանի հանրահայտ ստեղծագործություններն են` «Խորեոգրաֆիկ սիմֆոնիա», «Նախանձ», «Աղավնավանք» բալետները, Սյուիտ՝ կամերային նվագախմբի համար, «Կոմիտասի հիշատակին», «Հայաստան» սիմֆոնիկ պոեմները, Սիմֆոնիկ նախերգանքը:

Շաքարյանը հեղինակ է մի շարք մուլտֆիլմերի երաժշտության՝ «Հայելի», «Անհաղթը», «Պինգվին Վինը»: