Հայկական «Արմենիա», «Տարոն Ավիա» և «Ատլանտիս Եուրոփիան» ավիաընկերությունները կավելացնեն դեպի Վրաստան ուղևորափոխադրումներ կատարող իրենց օդանավերի թիվը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանը:

Նա հայտնել է, որ Բաթումիից կատարվող թռիչքները նախատեսվում է կազմակերպել Գյումրու «Շիրակ», իսկ Թբիլիսիից կատարվողները` Երևանի «Զվարթնոց» օդանավակայանների միջոցով:

«Այսօր շարունակվել են ՌԴ-Վրաստան բոլոր ուղղություններով թռիչքների դադարեցման շուրջ սպասվող անժամկետ ճգնաժամի լուծման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Կարող ենք արձանագրել, որ մեր գործուն քայլերի կազմակերպումն արել ենք ավելի արագ և ավելի որակով, քան որևէ մեկը կառաջարկեր իր տարածքը օգտագործել որպես տարանցիկ փոխադրումների կենտրոն մեր 2 բարեկամ պետությունների միջև», - գրել է նա:

Ճաղարյանը հավելել է, որ հայկական ավիաընկերություններից մեկը հուլիսի 8-ից պլանավորում է թռիչքներ դեպի ռուսական 4 ուղղություն: Իսկ Բաթումիից կատարվող թռիչքների քանակի և ուղղությունների մասին կտեղեկացնվի ավելի ուշ: