«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Նարեկ Մալյանը Մատենադարանի դիմաց ակցիայի ժամանակ հայտարարել է․

«Մենք համազգային միասնության գործընթաց ենք սկսում։ Այս պահից սկսած ես թակելու եմ, բախելու եմ քաղաքական ուժերի դռները, ես ստանալու եմ մի հսկայական համազգային միասնություն այս հարցի շուրջ սահմանադրական կարգի վերականգնման շուրջ և մոտ ապագայում սկսելու ենք այդ գործընթացը արդեն գործնական, կիրառական դաշտում»։

Նա նաև ասել է, որ երեկվանից տեսնում է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները՝ թողած դատական պրոցեսները և կարևորելով սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող ապօրինությունների դեմն առնելու գործընթացը, գալիս են իրենց կոչով և միանում իրենց։

«Այդ պատճառով ՎԵՏՕ քաղաքական շարժման անունից ես այս պահին դադարեցնում եմ շտապ հանրահավաքը և իմ ձեռքի խոսափողը փոխանցում եմ Նարեկ Մանթաշյանին, ով Քոչարյանի աջակիցներից է, և որպես քաղաքացի միանում եմ այն գործընթացներին, որը կնշի նա»,- ասել է նա:

Մանթաշյանը հայտարարել է.

«Վերաքննիչ դատարանն այսօր քաղաքական պատվեր կատարելով՝ կալանք տվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին»։

Ակցիայի մասնակիցները որոշեցին քայլերթով շարժվել դեպի Ազգային անվտանգության ծառայության շենք` «Ազատություն, արդարություն, հաղթանակ» վանկարկումներով։

Մանթաշյանը ոստիկաններին խնդրել է ապահովել իրենց երթի անվտանգությունը, քանի որ այն նախապես պլանավորած չի եղել, ինքնաբուխ է։