ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին դեպի ՔԿՀ ուղեկցած որդին՝ Լևոն Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ դատարանի որոշումը լսելուց հետո հայրն ինքնակամ է ներկայացել։

Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը նրա համար զարմանալի չէր, ասել է՝ զարմանալի կլիներ, եթե այլ որոշում կայացվեր։

«Այս դատավորն արդեն գիտեինք, բազմաթիվ օրինակներ են բերվել, թե ինչպես է ենթարկվել դատախազությանը։ Նաև իր արածն աննախադեպ էր, չթողեցին պաշտպանական կողմը խոսեր։ Շատ կարևոր է այս պարագայում դատավորի անձը, որը տղամարդկություն կունենա ու կշարժվի օրենքով»,- ասել է Լևոն Քոչարյանը։

Նրա խոսքով, իրավական մասով կլինեն բողոքարկումներ, կլինեն նաև քաղաքական առումով քայլեր։

«Դրանց մասին կտեղեկացնենք»,- ասել է նա։

Նա պնդել է, գործը կարված է։ Նաև նշել է, որ ինքն էլ, հայրն էլ հույս ունեն, որ այս աբսուրդը մի օր կվերջանա։

Լրագրողների հարցերին պատասխանելուց հետո նա անցավ փողոցն ու մոտեցավ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի՝ ինքնաբուխ հավաքի մասնակիցներին։