Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով հերթական դատական նիստը։

Հայցվորի ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենք նախորդ նիստերի ընթացքում արտահայտել են դիրքորոշում հաշտության համաձայնագիր կնքելու վերաբերյալ, մյուս կողմից որևէ քայլ չի ձեռնարկել, ցանկություն չեն հայտնել, այդ իսկ պատճառով հաշտության որևէ եզրեր չեն գտնում։

Նախագահող դատավոր Աիդա Դավթյանն ասել է, որ մինչև դատաքննության ավարտը կողմերը կարող են գալ համաձայնության, այդ իսկ պատճառով դատավորը ևս մեկ անգամ ճշտում է։

Հայցվորի ներկայացուցիչ Անի Ալավերդյանն ասել է, որ հայտարարությունում ներկայացված փաստացի տվյալներն ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը, արատավորում են հայցվորի պատիվն ու արժանապատվությունը։ Նա նշել է, որ պատասխանողը պետք է ապացուցի փաստացի տվյալների իրականության համապատասխանությունը, քանի դեռ չի ապացուցել, այդ փաստացի տվյալները համարվում են ահիմն, իրականությանը չհամապատասխանող։

«Խնդրում ենք դատարանին՝ պարատավորեցնել պատասխանողին հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները»,- ասել է Ա. Ալավերդյանը։

Նա նշել է, որ ասուլիսից հետո Ա. Վանեցյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է՝ «ուզում եմ հայտարարել, որ իմ խոսքը եղել է ոչ այդքան ճիշտ ձևակերպված, որի համար պարզաբանում տվել եմ»։

«Դա մեկ ապացույց այն մասին, որ հենց պատասխանող կողմն ընդունում է, որ իր արտահայտությունները եղել են սխալ ձևակերպված, պարունակել են փաստացի տվյալներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը»,- ասել է հայցվորի ներկայացուցիչը։

Պատասխանող կողմի ներկայացուցիչը նշել է, որ հայցվորի որևէ իրավունք չի խախտվել, հայցվորի պատիվն ու արժանապատվությունն արատավորող որևէ տեղեկատվություն պատասխանողի կողմից չի տարածվել, հացադիմումում նշված որևէ հայտարարություն չի վերաբերում հայցվորին, ուղղված չէ նրա դեմ, այս առումով ակնհայտ է, որ պատասախանողը որևէ կերպ, այդ թվում հայցադիմումում նշված հայտարարությունների միջոցով, չի զրպարտել հայցվորին։

«Հայցադիմումում նշված հայտարարություններից որևէ մեկը օբյեկտիվորեն թիրախավորված չէ հայցվորի դեմ, հայցվորը միայն ենթադրում է զրպարչական բնույթի և դրանք իրեն ուղղված լինելու մասին»,- ասել է պատասխանողի ներկայացուցիչը։

Դատավորը հայտարարել է, որ գործի քննությունն ավարտված է, վճիռը կհրապարակվի դատական իշխանության պաշտոնական կայքում հուլիսի 10-ին։