Թբիլիսիում բողոքի ցույցերը Վրաստանի ներկայիս կառավարության «հիմարության» հետևանքն են։ Նման կարծիք է հայտնել քաղաքական և հասարակական գործիչ, Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կինը ՝ Սանդրա Ռուլոֆսը, գրում է «էխո Մոսկվի»:

«Իհարկե, այս ամենը մեր կառավարության հիմարության հետևանքն է։ Չպետք է նման խիստ և ոչ մարդկային արձագանք տրվեր այս ամենին: Այժմ մենք պահանջում ենք ձերբակալել բոլոր նրանց, ովքեր պատասխանատու են ուժի կիրառման համար»,- հայտնել է քաղաքական գործիչը:

Ռուլոֆսը հավելել է, որ իշխանությունների հանդեպ դժգոհությունը վաղուց էր հասունացել Վրաստանում։

«Ռուս պատգամավորների պատվիրակության այցը Թբիլիսի լցրեց համբերության բաժակը։ Մարդիկ վերջնականապես հասկացան, որ (Բիձինա - Tert.am) Իվանիշվիլին և նրա թիմակիցները լոբբինգ են անում Ռուսաստանի հետ բարեկամությունը, որը, ցավոք, մեր երկրի տարածքի քսան տոկոսի օկուպանտն է։ Մարդիկ դուրս են եկել փողոց՝ առաջին հերթին այն պատճառով, որ վիրավորվել է նրանց հայրենասիրության զգացումը. Վրաստանում չպետք է ռուս պատգամավորը նստի և ռուսերենով ասի, թե ինչ պետք է անենք»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Թբիլիսիի կենտրոնում բողոքի ակցիաները սկսվել են հունիսի 20-ին` ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի պատճառով, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին: Նիստի մեկնարկից հետո նա նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել:

Հունիսի 20-21-ին Վրաստանի մայրաքաղաքում 305 ցուցարար էր ձերբակալվել, շուրջ 240-ը տուժել էին: Երկու մարդ զրկվել է աչքից: