«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն այս անգամ հայցադիմում է ներկայացրել ոստիկանության՝ ի դեմս Վայոց Ձորի մարզային վարչության Ջերմուկի բաժնի դեմ՝ ընկերության օրինական տիրապետության ներքո գտնվող Երևան-Մեղրի մայրուղուց Ջերմուկ տանող ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրի մոտ մեծ շրջադարձից աջ կադաստրային ծածկագրով հողատարածք և Երևան-Մեղրի մայրուղուց Ջերմուկ տանող ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրի մոտ կոնկրետ ծածկագրերով հողատարածքներ կատարված ներխուժումը վերացնելուն պարտավորեցնելու պահանջով:

Հայցադիմումը վարչական դատարան մուտքագրվել է երեկ և մակագրվել դատավոր Հրաչ Այվազյանին:

Հիշեցնենք, որ Արդեն մեկ տարի է՝ ակտիվիստներն ու համայքների բնակիչները խափանել են Վայոց ձորի մարզում ընդերքօգտագործման իրավունք ստացած «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի գործունեությունը: Նրանք փակել են հանքավայրի տեղամաս տանող ճանապարհը և թույլ չեն տալիս շարունակել հանքավայրի շահագործմանն ուղղված նախապատրաստական աշխատանքները:

«Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակման հետևանքով ընկերությունը հսկայական վնասներ է կրել և շարունակում է կրել: Վնասների ընթացիկ հաշվարկները «Լիդիան»-ը հրապարակում է իր եռամսյակային հաշվետվություններում: Այս պահին մեզ համար առաջնահերթ է օրենքի վերականգնումը և Ամուլսարի տարածք անխափան մուտքի ապահովումը, որից հետո միայն հնարավոր կլինի վերջնական գնահատել իրավիճակը և հաշվարկել այս ընթացքում ընկերության կրած ամբողջ վնասը»,- ասել է «Լիդիան»-ի հայաստանյան ղեկավարությունը: Գրում է «Հետք»-ը։

Նշենք, որ նմանատիպ հայցադիմում ընկերությունը ոստիկանության դեմ ներկայացրել էր նաև 2018թ. սեպտեմբերին՝ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող և կոնկրետ կոորդինատներով անշարժ գույքի տարածք կատարված ներխուժումը վերացնելուն պարտավորեցնելու պահանջով:

Այս տարվա ապրիլի 10-ին վարչական դատարանը բավարարել էր «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի հայցադիմումը և որոշել էր պարտավորեցնել Ոստիկանությանը վերացնելու հայցվորին սեփականության իրավունքով պատկանող կոնկրետ կոորդինատներով անշարժ գույքերի տարածք կատարված ներխուժումները:

Վճռի հրապարակումից հետո «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացուցիչը 12.06.2019թ. ներկայացրել էր միջնորդություն՝ լրացուցիչ վճիռ կայացնելու վերաբերյալ, խնդրելով հստակեցնել, որ ոստիկանության կողմից վերացման է ենթակա Երևան-Մեղրի մայրուղուց Ջերմուկ տանող ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրի մոտ մեծ շրջադարձից աջ 0224-0096 ծածկագրով հողատարածք և Երևան-Մեղրի մայրուղուց Ջերմուկ տանող ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրի մոտ 0222-0057, 0022-61, 0022-0063 ծածկագրերով հողատարածքներ ներխուժումները:

Վարչական դատարանը որոշել էր «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացուցչի կողմից ներկայացված միջնորդությունը՝ լրացուցիչ վճիռ կայացնելու վերաբերյալ, վերադարձնել: Դատարանը պատճառաբանել էր, որ գործով կայացված վճիռը 14.05.2019թ. մտել է օրինական ուժի մեջ, իսկ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացուցչի կողմից լրացուցիչ վճիռ կայացնելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվել է 12.06.2019թ., այսինքն` վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո:

«Նման պայմաններում Դատարանը գտնում է, որ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացուցիչը կորցրել է դատավարական ժամկետով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը, իսկ լրացուցիչ վճիռ կայացնելու վերաբերյալ միջնորդությանը կից բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդություն, որպիսի պայմաններում վերջինիս կողմից ներկայացված միջնորդությունը ենթակա է վերադարձման»,- պատճառաբանել էր դատարանը:

Դրանից հետո «Լիդիան Արմենիա» ընկերությունն առանձին հայցադիմում է ներկայացրել ոստիկանության դեմ: