Մոսկվայի Բասմանի դատարանը մեկ ամսով՝ մինչև հուլիսի 28-ը, երկարաձգել է հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի՝ Քրիստինա, Անգելինա, Մարիա, խափանման միջոցը, մինչ ընթանում է Միխայիլ Խաչատուրյանի սպանության գործով հետաքննությունը։

«Բավարարել քննչական մարմինների միջնորդությունը՝ որոշակի գործողություններ կատարելու արգելքի տեսքով խափանման միջոցը երկարաձգելու վերաբերյալ»,-նշված է դատարանի որոշման մեջ։

Մինչև դատարանի որոշումը, դատարանի մոտ հավաքվել էին քաղաքացիներ, ովքեր պահանջում էին բանտարկել աղջիկներին։ Մինչդեռ օրեր առաջ Մոսկվայում ՌԴ քննչական կոմիտեի կենտրոնական վարչության մոտ հավաքվել էին ակտիվիստներ, ովքեր դեմ էին քույրերին առաջադրված մեղադրանքին, պահանջում էին արդարություն։

ՌԴ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2018 թ. հուլիսի 27-ին Ալտուֆևյան մայրուղու բազմահարկերից մեկի մուտքում հայտնաբերվել է 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի մարմինը՝ պարանոցի և կրծքավանդակի շրջանում դանակի բազմաթիվ հարվածներով։ ՔԿ տվյալներով, նրան դանակով հարվածներ են հասցրել երեք աղջիկները։ Նրանց մեղադրանք է առաջադրված։ Աղջիկները հաստատում են, որ տղամարդը, գտնվելով թմրամիջոցի ազդեցության տակ, առաջինն է հարձակվել նրանց վրա դանակով, նրանք էլ պաշտպանվել են։ Հարցաննությանն աղջիկները խոստովանել են մեղքն ու պարզաբանել, որ իրենց և իրենց հոր միջև թշնամական հարաբերություններ էին հաստատվել այն պատճառով, որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։ Խաչատուրյան քույրերը օգոստոսի 2-ից կալանավորված էին։ Փորձագետները Քրիստինային և Անգելինային ճանաչվել էին մեղսունակ։ Խաչատուրյան քույրերից կրտսերը՝ 17-ամյա Մարիան, հոր սպանության պահին անմեղսունակ է ճանաչվել։ Սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմաննի դատարանը փոխել էր Խաչատուրյան երեք քույրերի խափանման միջոց կալանքը և ընտրել որոշակի գործողություններ կատարելու արգելքը։ Մինչև դատարանի վճիռը նրանք պետք է ապրեն առանձին, նրանց արգելված է շփվել միմյանց հետ, արգելված է օգտվել հեռախոսից։

2019 թ. հունվարի 14-ին նրանց առաջադրվել է վերջնական մեղադրանք՝ նախնական համաձայնությամբ սպանություն հոդվածով։