«Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպությունն արդեն երկրորդ անգամ հաջողությամբ իրականացրել է զինծառայողներին ջրի ուսապարկերով ապահովելու նախաձեռնությունը։ Այս մասին գրում է «Արմենպրես»-ը։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանն ասել է, որ առաջին անգամ դրամահավաք են արել 2018թ-ի օգոստոսին:

«Այդ ժամանակ անհամեմատ ավելի քիչ թվաքանակով էինք բերել և միայն հետախույզների համար: Այս անգամ ջրի ուսապարկերն ուղղվեցին դեպի Թալիշ: Դրամահավաքը սկսել ենք 2019թ-ի հունվարի 28-ից, քանի որ մեզ համար արդեն ավանդույթ է դարձել նման հիշարժան օրերը (Բանակի օրը) նշել հենց այդ կերպ՝ օգնելով բանակին: Նախաձեռնությունը կոչվում էր «Ջրի ուսապարկեր Թալիշի դիրքապահներին»,- ասել է Դավիթը և հավելեց, որ 2018թ-ին իրականացրած դրամահավաքից հետո հանրության մոտ իրենց հանդեպ վստահություն կար, այդ իսկ պատճառով այս անգամ մասնակիցների թիվը մի քանի անգամ ավելի շատ էր։

Դավիթի պնդմամբ՝ հանրության ակտիվ աջակցության շնորհիվ կարողացել են գնել 450 ջրի ուսապարկ: Թալիշն էլ ընտրել են հաշվի առնելով տեղի չոր կլիման:

Դավիթը նաև շատ կարևորեց այն հանգամանքը, որ իրենք պարտադիր հաշվի են առնում ապրանքի արդյունավետությունը, դրա որակը և մի շարք այլ հանգամանքներ:

«Ջրի ուսապարկերը զինվորական համազգեստի նախշերով են, սակայն կտորն ավելի որակյալ է: Դրանք ունեն 3 լիտր տարողություն, քանի որ մարդն օրական միջինում խմում է կամ պետք է խմի 2-2,5 լիտր ջուր: Հաշվի ենք առել նաև մեկ այլ հանգամանք՝ մեկ ջոկում կա 8-10 զինվոր, բոլորի ջրի ուսապարկերի ընդհանուր քաշը գրեթե հավասարվում է զինվորի ուսապարկի քաշին, այսինքն՝ ամբողջ ջոկի համար ջրի ուսապարկերը լցնելու համար կարող է գնալ մեկ զինվոր»,- ասել է «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի նախագահը:

Ուսապարկերը գնվել են Չինաստանից:

«Բեռը Հայաստանում էր մայիսի 31-ին, և մեր հաջորդ քայլը դրանք Արցախ հասցնելը պետք է լիներ: ԱՀ Պաշտպանության բանակի արագ արձագանքման շնորհիվ ձեռք բերվեցին անհրաժեշտ թույլտվությունները, և հունիսի 3-ին ջրի ուսապարկերը հասան առաջնագիծ»,- նշել է Դավիթը։