«ՍՊՍ Սիգարոն» ընկերությունն ահազանգում է, որ Վրաստանի մաքսավորները խոչընդոտում են ընկերության արտադրանքի արտահանմանը:

«Մեր երկրների միջև տնտեսական համագործակցության առանցքային ուղղություններից մեկը տարանցիկ բեռնափոխադրումներն է, որը վերջին տարիների ընթացքում դինամիկ աճում է: Միևնույն ժամանակ, մեր ընկերությունը աննախադեպ իրավիճակի մեջ է հայտնվել, երբ բեռները ստուգելու պատճառաբանությամբ մի քանի շաբաթ մնում են Վրաստանի մաքսային տերմինալում», - ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ կոնկրետ Դոնեցկ ուղևորվող ընկերության ավտոմեքենան ս․թ․ հունիսի 6-ից Գեզի մաքսային տերմինալում անգործունակ կանգնած է:

«Մաքսային մարմնի աշխատակիցների հավաստմամբ, քանի որ մաքսային սահմանով փոխադրվող ապրանքը գծանշվել է որպես կարմիր գծի ենթակա, պետք է ստուգում անցնի: Մենք կողմ ենք օրենքի շրջանակներում ցանկացած ստուգման բայց խնդիրն այն է, որ առավելագույնը 1-2 օր տևող ստուգման համար, ավտոմեքենան բեռով հանդերձ, շաբաթներով կարող են պահել։ Ստեղծված խնդիրների պատճառով ընկերությունը լրջագույն վնասներ է կրում: Սա լուրջ խոչնդոտ է ոչ միայն մեր ընկերության, այլև շատ արտահանողների համար», - ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Ընկերությունը դիմում է Հայաստանի և Վրաստանի պատկան մարմիններին և խնդրում հարցին համակարգային մոտեցում ցուցաբերել ու համապատասխան քայլեր ձեռնարկել վիճակը շտկելու, հետագայում դրա կրկնությունը բացառելու համար: