Խոսքի և մտքի ազատության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դեյվիդ Քայեն ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 41-րդ նստաշրջանի ժամանակ։ Նա հայտարարել է, որ Թուրքիան լուրջ ջանքեր չի գործադրում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ։

Ավելին, ըստ զեկուցողի, օրենսդրական փոփոխությունների արդյունքում մնայուն են դառնում օրենքի ուժ ունեցող որոշումները (KHK), որոնք իրավական տեսակետից լուրջ խախտումների են հանգեցնում։

ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը հիշեցրել է 2016թ․ Թուրքիա կատարած իր այցի մասին, որից հետո այդ երկրի վերաբերյալ զեկույց էր հրապարակել։ Քայեն նշել է, որ իր այցի ընթացքում երկրում 100-ից ավելի լրատվամիջոցներ են փակվել։ Թուրքական մամուլը լուրջ ճնշումների է ենթարկվում, կիրառվում է շատ խիստ գրաքննություն, ինչի արդյունքում շատ լրատվամիջոցներ նաև իրենք իրենց նկատմամբ են գրաքննություն կիրառում։

Հետագա՝ 2017 և 2018թթ-րի ընթացքում էլ Թուրքիայում մարդու իրավունքների վիճակին հետևած Քայեն նշել է, որ այդ ընթացքում էլ շարունակվել են մտավորականների, լրագրողների, իրավապաշտպանների, փաստաբանների, դատավորների, պետական պաշտոնյաների դեմ ճնշումները և աշխատանքից հեռացման բազմաթիվ դեպքեր են գրանցվել։

Թուրքիա կատարած այցից հետո Քայեն մարդու իրավունքների խնդիրները բազմիցս քննարկել է թուրք պաշտոնյաների հետ, նաև իր զեկույցում մի շարք առաջարկներ է ներկայացրել ոլորտում բարեփոխումներ կատարելու համար։

«Բայց ցավով պետք է նշեմ, որ մինչ օրս Թուրքիան այս իրավախախտումները վերացնելու ուղղությամբ ոչ մի լուրջ քայլ չի ձեռնարկել», - ընդգծել է ՄԱԿ-ի զեկուցողը։

Նա նաև անդրադարձել է Թուրքիայում 2016թ․ հեղաշրջման փորձից հետո մտցված և շուրջ երկու տարի շարունակված «արտակարգ դրության» ռեժիմին և դրա շրջանակներում ընդունված բազմաթիվ «օրենքի ուժ ունեցող որոշումներին», որոնց հիմնական թիրախներից են եղել լրագրողները։ Նա ընդգծել է, որ լրագրողների հետապնդումները Թուրքիայում շարունակվեցին նաև 2018թ․ «արտակարգ դրության» ռեժիմի դադարեցումից հետո: Այս պահին, ըստ տարբեր աղբյուրների, երկրում 69-ից 139 ազատազրկված լրագրող կա, իսկ մինչ օրս փակված լրատվամիջոցների ու հրատարակչությունների թիվը հասնում է 190-ի։