Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի աջակցությամբ հունիսի 28-ին Հայաստանը և Ադրբեջանը երկու քաղաքացու են փոխանակել։

Գործողությունը տեղի է ունեցել Տավուշի մարզի Իջևան և ադրբեջանական Քասախ քաղաքներին կից միջպետական ճանապարհի մի հատվածում:

Ադրբեջանի քաղաքացին 2019թ-ին մարտի 16-ին ձերբակալված Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովն է, իսկ Հայաստանի քաղաքացին՝ 2017թ-ի հունիսի 20-ին ձերբակալված Զավեն Կարապետյանը:

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը նշել է, որ այս գործընթացը «բոլորը բոլորի դիմաց սկզբունքի» կիրառում չէ:

«Այստեղ խոսքը չի գնում փոխանակման մասին, քանի որ Հայաստանը հենց սկզբից հայտարարել էր, Իբրահիմովին Ադրբեջան ՀՀ-ն վերադարձնում է առանց որևէ նախապայմանի՝ հիմնվելով հումանիտար նկատառումների վրա: Այս գործընթացն իրականացվել է ԿԽՄԿ-ի և մասնավորապես` Հայաստանում կազմակերպության առաքելության հետ սերտ գործակցության միջոցով: Իբրաhիմովը չէր գործել ծանր հանցանք, ուստի նրա հանդեպ կիրառելի է հումանիտար սկզբունքի հիման վրա անհատական մոտեցումը: Մենք ի գիտություն ենք ընդունել նաև Ադրբեջանի որոշումը ազատ արձակելու անհայտ պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված Կարապետյանին և ԿԽՄԿ հետ մեկտեղ կազմակերպել ենք նրա հայրենադարձությունը», - ԱԳՆ պաշտոնական կայքի փոխանցմամբ, ասել է Նաղդալյանը: