«Այրարատ» (Ռոսիա) կինոթատրոնում հուլիսի 8-12-ը կայանլիք «Կինոյի տաճարը» երևանյան ցուցադրությունը ուղեկցվելու է Ռուբեն Գևորգյանցի «Աշխարհումս» վավերագրական ֆիլմի ցուցադրմամբ։

Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ Սերգեյ Փարաջանովի մասին պատմող այս վավերագրություն-էսսեն, Ռուբեն Գևորգյանցը նկարել է 1979 և1989թթ-ին։ Ինչո՞ւ է նշվում արտադրության երկու թիվ։ Ֆիլմի ակունքներում կանգնած արվեստագետները բացատրում են նրանով, որ Փարաջանովին վերաբերող ամեն մի շարժ այն տարիներին վերահսկվում էր պետական մարմինների կողմից, արգելված էր ցանկացած նախաձեռնություն, ուստի նկարհանումները կատարվել են գաղտնի և տևել են շատ երկար։ Լուռ-կինոէսսե, ուր Վարպետն անձայն փոխանցում է ապրածն ու զգացածը։

Հայաստանյան ցուցադրության նախաձեռնությունը Հայաստանի ազգային կինոկենտրոնինն է։

Նշենք, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ հուլիսի 8-ին՝ «Այրարատ» (Ռոսիա) կինոթատրոնում, ժամը 19։00-ին տեղի կունենա «Կինոյի տաճար» ցուցահանդեսի բացման արարողությունը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի ծննդյան 95-ամյակին։ Ցուցադրությունում ներառված են Վարպետի «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժից դուրս մնացած, վերականգնված ու թվայնացված կադրերը, որոնք ինստալացիայի ձևով անընդհատ պտտվելու են մոնիտորների վրա: