Վայրի կենդանիների առք ու վաճառքով զբաղվող «ԶOO Ֆաունա Արտ» ՍՊԸ կողմից հունիս ամսին Հայաստան է ներմուծվել 4 վագր: Այս մասին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը տեղեկացել է ՀՀ ՊԵԿ-ից:

Դեռ մարտ ամսին վերոնշյալ ընկերությունը Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գորիգորյանի ստորագրությամբ ստացել է 2 հատ ամուրյան վագրի (Panthera tigris altaica) և 3 հատ սպիտակ վագրի (Panthera tigris tigris) ներմուծման ՍԻԹԵՍ հավաստագիր (CITES): Ներմուծման գործարքը տեղի է ունեցել բոլորովին վերջերս: ՄՎ և ԵՀ վարչության պետ Մնացան Շարաֆյանի ստորագրությամբ ստացված գրությամբ ասվում է.

«... ըստ ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայի տվյալների 05.06.2019թ. «ԶՕՕ Ֆաունա Արտ» ՍՊԸ (ՀՎՀՀ 00451056) կողմից ՀՀ է ներմուծվել 3 սպիտակ վագր և 1 ամուրյան վագր, որոնք հայտարարագրման փուլում են»:

Նախարարության կողմից տրամադրված ՍԻԹԵՍ հավաստագրերի ուսումնասիրությամբ պարզ է դարձել, որ կենդանիները ՀՀ ներմուծվել են Ուկրաինայից. արտահանող/վերաարտահանող անձը Սերգեյ Կոստիվն է՝ «Լիմպոպո» էկզոտիկ կենդանիների հավաքածուի տնօրեն:Այսպիսով, առաջին հավաստագրով նախատեսվել է ներմուծել երեք հատ սպիտակ վագր կենդանի վիճակում՝ 2 էգ, 1 արու: Որպես գործարքի նպատակ է նշվում բուծումն կամ արհեստական բեղմնավորում անազատ պայմաններում (B/Breeding in captivity or artificial propagation), ծագման աղբյուրը՝ անազատության մեջ ծնված (C/ Animals bred in captivity in accordance with Resolution Conf. 10.16 (Rev.), as well as parts and derivatives thereof, exported under the provisions of Article VII, paragraph 5, of the Convention), իսկ ծագման երկիրն ու այլ տեղեկություններ առկա չեն:

Մեկ այլ հավաստագրով նախատեսվում է երկու ամուրյան վագրի ներմուծում՝ 1 էգ, 1 արու: Գործարքի նպատակն ու ծագման աղբյուրը նույնն է. անազատության մեջ ծնված կենդանիները ներմուծվել են ՀՀ բուծման նպատակով (B/C): Հավաստագրերն ուժի մեջ են մինչև 18.09.2019թ.-ը, բայց արդեն իսկ իրականացվել է 4 կենդանու ներմուծում: