«Քաղաքաշինությունը հիմնված է երեք հիմնական փաստաթղթերի վրա՝ գլխավոր հատակագծում՝ զոնինգ, տարածքի պլանավորման նախագիծ, կառուցապատման և հոզօգտագործման կանոնակարգ։ Այս երեք փաստաթղթերի առկայության դեպքում նշված խնդիրները, որոնք մինչև հիմա տեղի են ունեցել, ուղղակի կբացառվեն»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը։

«Այս երեք փաստաթղթերն արդեն յուրօրինակ ֆիլտր է սխալ որոշում չկայանալու համար։ Այսօր մշակում ենք փաստաթղթերը»,- նշել է նա։

Վ. Վերմիշյանի կարծիքով, իրավունք չունեն անել ուրիշների սխալները, պետք է հաշվի առնել մնացած երկրների սխալները և այսօր ամենաառաջատար, նորագույն տեխնոլոգիան կոնկրետ քաղաքաշինության բնագավառում օգտագործել այստեղ։

«Այնքան են հնացել մեզ մոտ այդ փաստաթղթերը, օրինակ, «Հողի մասին օրենքը, վերանայման խնդիր ունի, «Քաղաքաշինության» մասին օրենքը, որը խմբագրում ենք։ Իմ համոզմամբ, ոչ թե պետք է լինի «Քաղաքաշինության» մասին օրենք, այլ քաղաքաշինական կոդեքս։ Այդ բնագավառի օրենսդրական թուլացումը բերել է այն հետևանքները, ինչ տեսնում ենք հիմա։ Մինչև դա ֆունդամենտալ ձևով չձևափոխենք, կմնա միայն սուբյեկտիվ դաշտում. այսօր մարդու ճաշակն այդքան է, այդ որակի շինարարություն, ճարտարապետություն ունենք, հաջորդը կգա իր ճաշակով, կունենանք այդ ճաշակի։ Չի կարելի այդպես, այս ոլորտը չի կարելի այդ վիճակին թողնել»,- ասել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը։

Նա խոսքով, լուրջ խնդիր կա նորմատիվային ակտերի հետ կապված։

«Ունենք լուրջ մասնագետներ, զբաղվում ենք նորագույն տեխնոլոգիաների նորմավորման գործընթացով։ Ունենք որոշակի նորմաներ, ինչ որ կոնկրետ շինարարական տեխնոլոգիայի հետ կապված, օրինակ երկաթբետոնե կոնստրուկցիաների վերաբերյալ, չունենք նորմատիվներ թեթև պողպատի կոնստրուկցիաների վերաբերյալ, հիմա դա մշակվում է։ Նորմատիվի բացակայությունից հետևությունն այն է, որ այդ տեխնոլոգիաներով Հայաստանում շինարարություն չի արվում։ Հիմա աշխարհն ուշադրություն է դարձնում կոմպոզիտային նյութերին։ Մենք ունենք կոմպոզիտային նյութերի ամենակարևոր հիմքը՝ բազալտ, որն աշխարհում ընդամենը մի քանի տեղ կա։ Դա, հավատացեք, շատ ավելի հզոր ռեսուրս է, քան նավթն ու գազը։ Այն հիմք է տարբեր արդյունաբերական ոլորտների, շինարարության տեխնոլոգիայի, մետաղին փոխարինող նյութ կարող է հանդիսանալ»,- ասել է Վ. Վերմիշյանը։

Նրա խոսքով, առաջիկա օրերին հանդիպելու է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի հետ, հույս ունի ճապոնացի գործընկերները կփոխանցեն իրենց փորձը։

«Եթե այդ ոլորտը մոտակա տարիներին կարողանանք զարգացնենք, մենք կունենանք հզոր նոր արդյունաբերական ոլորտ»,- ասել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը։