«Պոնչիկանոցից» հունիսի 30-ին կատարված գողությունը բացահայտվել է: Այս մասին հայտնում են ոստիկանությունից ու կատարվածի վերաբերյալ մանրամասներ ներկայացնում։

Հունիսի 30-ին, ժամը 08։15-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Մաշտոցի պողոտայում գտնվող «Պոնչիկանոցի» աշխատակիցը հայտնում էր, որ ժամը 04։00-ին անհայտ անձինք կոտրել են վաճառասրահի պատուհանի ապակին և գողացել 5 արկղ քաղցրավենիք:

Դեպքի վայր է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը։ Անհրաժեշտ միջոցառումներն իրականացնելուց հետո տուժողից հաղորդում են ընդունել։ Հանցագործությունը բացահայտելու համար ձեռնարկված միջոցառումների արդյունքում հուլիսի 1-ին, ժամը 12։00-ին, Կենտրոնականի քրեական հետախույզները գողությունը կատարած անձի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացան։

Շուտով Փարպեցու փողոցից գողությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 21-ամյա երիտասարդը, որը խոստովանական բացատրություն է տվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Պատճառված նյութական վնասի չափը պարզվում է: Քննությունը շարունակվում է: