Գերմանալեզու մանուկներն արդեն հնարավորություն ունեն ընթերցելու Թումանյանի հեքիաթները

Հովհաննես Թումանյանի հեքիաթներն հասանելի են նաև գերմաներեն: Ամենայն հայոց բանաստեղծի տուն-թանգարանում հուլիսի 2-ին տեղի ունեցավ «Հովհաննես Թումանյանի հեքիաթները» գերմաներեն գրքի շնորհանդեսը և կայացավ գրքի նկարազարդումների ցուցադրություն՝ «Հովհաննես Թումանյանի հեքիաթները հայ և գերմանացի դպրոցականների աչքերով» խորագրով:

Հեքիաթների թարգմանիչներն են ՀՀ գրողների միության անդամ, գերմանաբնակ վաստակավոր գրող Ագապի Մկրտչյանը և պրոֆեսոր Հելմուտ Մալոնեկը: Գիրքը տպագրվել է Ավստրիայում: Խոսելով այն մասին, թե ինչու որոշվեց հենց հեքիաթ թարգմանել, Ագապի Մկրտչյանն ասել է.

«Ժամանակի ընթացքում ժողովրդի մեջ ծնված հեքիաթները առ այսօր չեն փոփոխվել՝ նրանք մնացել են նույնն իրենց ասելիքով, իրենց թեմայով՝ ի տարբերություն մնացած ամենի՝ վեպ, պատմվածք և այլն: Թումանյանի 150-ամյակն էլ առիթ հանդիսացավ համոզվելու, որ հեքիաթները կարող են լավ երևակայական կամուրջ ստեղծել այս երկու երկրների միջև և գրականության դաշտում մոտեցնել իրար»:

Պրոֆեսոր Հելմուտ Մալոնեկը Թումանյանի գործերին ծանոթացել է ուղիղ կես դար առաջ, երբ սկսեց ուսումը ԵՊՀ-ի մաթեմատիկայի ֆակուլտետում:

«Նկատելով, որ մարդիկ Թումանյանին շատ են ուշադրություն դարձնում, ես գնեցի թումանյանական իմ առաջին երկու գրքերը: Հիմա էլ պատիվ ունեմ թարգմանել նրա հեքիաթներն ու ներկայացնել համաշխարհային հանրությանը՝ հույս ունենալով, որ շատերը նույնպես կսիրեն Թումանյան՝ ինչպես ես»,- ասել է պրոֆեսորը:

Գիրքը ներկայացվելու է Գերմանիայի ավելի քան 10 քաղաքներում, ինչպես նաև՝ Ավստրիայում, Վատիկանում, Վրաստանում, իսկ Հայաստանում գրքի շնորհանդեսն ու նկարների ցուցահանդեսը լինելու է նաև Գյումրիում և բանաստեղծի ծննդավայր Դսեղում: Գրքի շնորհանդեսին զուգահեռ Գեղաշեն գյուղի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցի սաները բեմադրեցին Թումանյանի երկու հեքիաթները՝ գերմաներեն: