Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն էլէկտրոնային հայտարարագրերի ռեեստրի տվյալների ուսումնասիրության արդյունքներով պարզել է, որ Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց 2018թ. տարեկան հայտարարագիրը հանձնված և հրապարակված հայտարարագրերի ցանկում առկա չէ: Այնինչ համայնքի ղեկավարը պարտավոր էր հայտարարագիրը ներկայացնել մինչև մայիսի 31-ը:

Էթիկայի հանձնաժողովի կողմից հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթ, սակայն Դիանա Գասպարյանը չի ներկայացել գործի քննությանը:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը որոշել է տարեկան հայտարարագիրը չներկայացնելու համար Դիանա Գասպարյանի նկատմամբ կիրառել «նախազգուշացում» վարչական տույժ: Նշված վարչական տույժի կիրառումից հետո՝ 30-օրվա ընթացքում հայտարարագիրը չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ 200,000 դրամի չափով:

Նշենք, որ էթիկայի հանձնաժողովի նշված որոշումն ուժի մեջ է մտնում Դիանա Գասպարյանին հանձնելու կամ հանձնված համարվելու հաջորդող օրվանից:

Ավելացնենք, որ վարչական տույժ նշանակելը վարչական իրավախախտում կատարած անձին, այս դեպքում՝ Դիանա Գասպարյանին, չի ազատում այն պարտականության կատարումից, որի չկատարելու համար նշանակվել էր վարչական տույժ: