Հունիսի 30-ից հուլիսի 10-ը Բաքվում կայանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 43-րդ նիստը, որին, որպես դիտորդ, մասնակցելու հրավեր էր ստացել նաև Հայաստանը։ Սակայն Ադրբեջանը հրաժարվել է տրամադրել գրավոր հավելյալ անվտանգության միջոցներ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Հայկական կողմը դիմել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմին՝ հյուրընկալող կողմից ստանալու անվտանգության համապատասխան հավելյալ միջոցներ ՀՀ պատվիրակության մասնակցության համար՝ հաշվի առնելով ՀՀ քաղաքացիների ու, ընդհանրապես, ազգությամբ հայերի այդ երկիր մուտքի հետ կապված անհնարինությունը, հակահայկական քարոզը», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Նա նշել է, որ հայկական կողմը մշտական կապի մեջ է եղել քարտուղարության հետ ու ջանքեր են գործադրվել՝ ստանալու հայկական կողմի համար անհրաժեշտ երաշխիքներ։

«Սակայն, ի հեճուկս գործադրված ջանքերի, միջոցառումից երկու օր առաջ հայկական պատվիրակությունը ստացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի նամակը, որում Ադրբեջանը հրաժարվել է տրամադրել գրավոր հավելյալ անվտանգության միջոցներ ՀՀ պատվիրակության անարգելք մուտքը երկիր ու մասնակցությունը միջոցառումին», - նշել է Աննա Նաղդալյանը։

ԱԳՆ մամուլի խոսնակի խոսքով՝ սա իր մեջ արատավոր երևույթ է պարունակում։ «Հայաստանը պաշտոնական բողոք է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարութանն ու անդամ պետություններին՝ կոչ անելով ուշադրություն հրավիրել այս արատավոր գործելաոճի վրա ու հանդես գալ դատապարտող դիրքորոշմամբ», - ասել է ԱԳ նախախարության խոսնակը։