Այսօր հռչակավոր դերասան, ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծագույն կատակերգու Մհեր Մկրտչյանի ծննդյան տարելիցն է։

Մհեր Մկրտչյանը ծնվել է Գյումրիում 1930թ-ին։ Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։

Դերասանը Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-1946թթ-ին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո, 1947թ-ին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում Մհերը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր՝ ցուցաբերելով իր տարիքի համար անսովոր վարպետություն։

1951-1956թթ-ին սովորել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում (ղեկավար՝ Վաղարշ Վաղարշյան)։

1956թ-ին տեղափոխվել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն։

1959թ-ին ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրել է նկարահանվելու «01-99» կարճամետրաժ ֆիլմում, որտեղ էլ Մհերը ստեղծեց հյութեղ մի կերպար, որը մինչև այժմ էլ հանդիսատեսը չի մոռանում։

Մհեր Մկրտչյանը խաղացել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Նվագախմբի տղաները», «Եռանկյունի», «Մենք ենք մեր սարերը», «Հայրիկ», «Նահապետ», «Խաթաբալա», «Կտոր մը երկինք», «Կովկասի գերուհին» և այլն։

Մհեր Մկրտչյանը մահացել է 1993թ-ին։

Նշենք, որ Գյումրիում գործում է Մհեր Մկրտչյանի թանգարանը, որտեղ կան հարուստ նյութեր դերասանի կյանքի, ստեղծագործության վերաբերյալ, ինչպես նաև նրա անձնական իրերից։