«Հայֆիլմի Վերածնունդ» նախաձեռնության ղեկավար Հայկ Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում անդրադարձ է կատարվում հայկական որոշ սերիալների հեղինակ Դիանա Գրիգորյանին և վերջերս արված նրա հայտարարությանը․

«Սիրելի ընկերներ, հետևորդներ և գործընկերներ ջան գիտեմ, որ շատ ափսոս է մեր նախաձեռնության էջը, որտեղ կշոշափվի այս տիկնոջ անունը, բայց լռելը մի օր ի վնաս է լինելու բոլորիս։ Ես իմ ողջ գիտակից կյանքում ինքնակրթությամբ եմ զբաղվելու, ոչ իմ դիտած ֆիլմերն են ինձ բավական, ոչ գրքերը, ոչ կրթությունը, ոչ էլ ուսումնասիրությունները։

Ինքնահռչակ սցենարիստ, անչափ, աներևակայելի անտաղանդ երևույթ, որը հայկական անորակ և անտաղանդ սերիալներով անգամ շատ տաղանդավոր դերասանների արտիստիզմը խամրեցրեց։ Իսկ այսօր Տոնինո Գուերրայից հավանաբար, երևի իր կարծիքով մի քանի կլաս բարձր Դիանա Գրիգորյանը արդեն «Հայֆիլմից» է խոսում, ուզում է իրեն տան միլիոններ ինքը «Հայֆիլմը» դարձնի Universal Studios, այնտեղ լինի ատրակցիոններ, ինքն էլ երևի նստի այդ ատրակցիոններից մեկը պաղպաղակ ուտի, ատրակցիոնից շատ պատահաբար ընկնի ուշաթափվի, հետո երբ ուշքի գա հասկանա, որ չէր կարելի տարիներ շարունակ հեղինակազրկել սցենարիստի պես բարդ և տիտանական մասնագիտությունը։

Չէր կարելի եթերը դարձնել աղբանոց, չէր կարելի սերունդը դեգրադացնել փողոցային ամենաստորին մակարդակի երկխոսություններ մատուցելով, չէր կարելի խոսել «Հայֆիլմից» և առավելևս Յունիվերսալ Ստուդիայից, երևույթներ, որոնք ձեր խելքի բանը չեն։ Ձեզ շատ արագ են մոռանալու, բայց հիշե՛ք Դիանա ավելի լավ է մարդ լինի անգրագետ, քան ձեռք բերի սխալ գիտելիքներ․․․Աստված մեզ հետ․․․

Ռեժիսոր, Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության ղեկավար Հայկ Բաբայան»։