Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը գործարկել է ActiveCitizen էլեկտրոնային կայքը:

Սա քաղաքապետարանի նոր էլեկտրոնային հարթակն է, որտեղ քաղաքացիները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց ծրագրերն այն մասին, թե ինչպիսին կցանկանային տեսնել Երևանը, ինչ կցանկանային, որ ստեղծվի, հայտնում է «Փաստինֆոն»:

Ներկայացված առաջարկների իրագործման համար 2019թ-ին Երևանի բյուջեից հատկացվելու է 500 մլն դրամ։ Յուրաքանչյուր ծրագրի մաքսիմալ արժեքը 30 միլիոն դրամ է։ Նախաձեռնողները նշում են, որ սա պիլոտային ծրագիր է, և իրենք նպատակ ունեն ավելացնել հատկացվող գումարը.

«Կայքի գրանցումն իրականացվում է միայն ID քարտով, անձնագրով կամ սոցքարտով։ Մենք կապի մեջ ենք անձնագրային շտեմարանի հետ, այսինքն՝ անհնար կլինի առանց անձնագրային տվյալների կամ սխալ տվյալներով գրանցվել և ֆեյք էջեր ստեղծել»,- նշում են կազմակերպիչները։

Փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանի խոսքով՝ կայքում տեղադրվելու է քվեարկության հնարավորություն, այսինքն՝ մարդիկ, ովքեր ունեն ՏԻՄ ընտրություններին մասնակցելու իրավունք, իրավունք են ունենալու նաեւ քվեարկելու կայքում ներկայացված ծրագրերին.

«Ծրագրեր ներկայացնելու ժամկետը մինչև սեպտեմբերի 30-ն է։ Դրանից հետո մինչև նոյեմբերի 10-ը կլինի քվեարկություն»,-ասել է փոխքաղաքապետը։

Եթե ներկայացված ծրագրի համար հարմար տարածքը Երևանին չպատկանի, ապա ծրագիր ներկայացնող քաղաքացին այդ մասին կտեղեկացվի։