Լույս է տեսել Վարդան Ոսկանյանի համահեղինակությամբ ու Հասմիկ Կիրակոսյանի հեղինակությամբ Պարսկերեն հասարակական-քաղաքական և դիվանագիտական տեքստերի թարգմանության հիմունքներ գիրքը։

Այս մասին «Իրազեկ»-ին հայտնում է լրագրող Գարիկ Ավետիսյանը։

«Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններն ունեն հազարավոր տարիների պատմություն։

Մարաստանի կայսրության փլուզումից ի վեր երկու երկրների ժողովուրդների միջև հաստատվել են մշակութային և պատմական կապեր։ Հայաստանն անկախացումից հետո բարիդրացիական հարաբերություններ է հաստատել Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Ունենալով փակ սահման Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է կապը Իրանի հետ և վերջինիս համարում է իր ռազմավարական դաշնակիցը։ Հայաստանի անկախացումից հետո Իրանի հետ աստիճանաբար սկսեցին հաստատվել սերտ, բարիդրացիական հարաբերություններ բոլոր բնագավառներում: Արդյունավետ համագործակցություն ծավալվեց էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, գիտության, կրթության, մշակույթի բնագավառներում, ինչպես նաև միջմարզային գործակցության ոլորտում: Սկսեցին կյանքի կոչվել ռազմավարական բնույթի նախագծեր:

Այս կապերը սերտանում են տարեցտարի մշակույթի,գիտության կրթության,արդյունաբերության և այլ ոլորտներում: Եվ ահա հաշվի առնելով այս ամենը խոսենք մի շատ հետաքրքիր գրքի շնորհանդեսի մասին:

Հունիսի 3-ին, Երևանի Պետական Համալսարանի, Ֆիրդուսու անվան դահլիճում տեղի ունեցավ «Պարսկերեն հասարակական-քաղաքական և դիվանագիտական տեքստերի թարգմանության հիմունքներ» դասագրքի ներկայացումն և շնորհանդեսը: Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ գրքի համահեղինակ Երևանի Պետական Համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ, դոցենտ Վարդան Ոսկանյանը: Այնուհետև խոսեց գրքի հեղինակը՝ պարսից լեզվի դասախոս, դոցենտ Հասմիկ Կիրակոսյանն, ով գիրքը ներկայացրեց տեսական ու կիրառական նշանակություններով: Ելույթ ունեցավ նաև պարսից գրականության պատմության դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, Գառնիկ Գևորգյանն, ով կարևորեց գրքի հրատարակությունը: Շնորհանդեսի վերջում կրկին ելույթ ունեցան գրքի հեղինակները՝ շնորհակալություն հայտնելով բոլորից, հույս հայտնելով,որ մոտ ապագայում հանդես կգան նորանոր գիտական ու հետաքրքիր աշխատություններով ներկայացնելով պարսից լեզվի. մշակույթի ու պատմության դերն ու արժեքները: Մի քանի խոսքով ներկայացնենք գրքի ստեղծման պատմությունն ու բովանդակությունը:

«Պարսկերեն հասարակական-քաղաքական և դիվանագիտական տեքստերի թարգմանության հիմունքներ» դասագիրքը, որը կազմվել է՝ նկատի առնելով արդի իրանական և հայկական մամուլում հրատարակված վերոնշյալ ոլորտին առնչվող նյութերի գրեթե ողջ համաբույլը: Դասագրքի կազմման ընթացքում կիրառվել են թարգմանության, քերականության, բառագիտության ոլորտներում գրանցված գիտական ձեռքբերումներն ու մեթոդաբանությունը՝ նպատակ հետապնդելով ներկայացնելու տեսական և կիրառական նշանակության հնարավորին համապարփակ մի ձեռնարկ, որը նախատեսված է պարսկերեն ուսումնասիրող լայն լսարանի՝ ուսանողների, լրագրողների, դիվանագետների, քաղաքագետների և ոլորտով հետաքրքրված այլ մասնագետների շրջանակի համար: Դասագիրքը բաղկացած է երկու մասից, որոնցից յուրաքանչյուրն էլ՝ ենթաթեմաներից: Առաջին մասը՝ «Պաշտոնական արարողություններ» թեման, ընդգրկում է «Պաշտոնական այցեր, հանդիպումներ, բանակցություններ, պաշտոնական անձանց դիմավորում և ճանապարհում», «Հավատարմագրերի հանձնում, դեսպանների նշանակում և հետկանչում» և «Շնորհավորական և ցավակցական ուղերձներ» ենթաթեմաները: Դասագրքի երկրորդ մասում՝ «Իրանի տեղը միջազգային հարաբերություններում», ընդգրկվել են «Բանակցություններ, տարածաշրջանի երկրների հետ համագործակցություն», «ԻԻՀ և ՀՀ համագործակցություն», «Հռչակագրեր, համատեղ հայտարարություններ» և «Ելույթներ և պաշտոնական հայտարարություններ» ենթագլուխները:

Յուրաքանչյուր դաս ամբողջացված է մի քանի բաժիններով համակարգված վարժություններով՝ տեսական գիտելիքների և նոր բառապաշարի յուրացում, թարգմանական հմտություն՝ պարսկերեն-հայերեն, հայերեն-պարսկերեն, բանավոր խոսքի զարգացում, հարցազրույցների և զեկուցումների կազմում: Դասագիրքը համալրված է հետևյալ հավելվածներով՝ այբբենական կարգով դասավորված պարսկերեն-հայերեն բառացանկ, Իրանի և Հայաստանի նախարարությունների անվանումների ցանկ»։