Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ամբողջությամբ մերժել է ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանի միջնորդությունը՝ խափանման միջոց կալանավորումն անհապաղ վերացնելու կամ գրավով փոխարինելու մասին:

Մարտիրոսյանը հայտարարել է, որ միջնորդությունը մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ։

Նիստի սկզբում նախագահող դատավորը հայտարարել էր, որ դատարան է ստացվել Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանի միջնորդությունը՝ խափանման միջոց կալանավորումն անհապաղ վերացնելու պահանջի մասին։ Մեղադրող դատախազները առարկել էին։

Այսօրվա նիստին Մանվել Գրիգորյանը ներկա չէր առողջական վիճակի պատճառով։ Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Բաղդասարյանն ասել է, որ խափանման միջոց կալանավորումն անհապաղ պետք է փոխվի, որովհետև հիվանդությունների բացասական դինամիկան բերել է անկանխատեսելի վիճակի։