Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներն այցելել են Երևանի թափառող կենդանիների խնդիրներով զբաղվող ՀՈԱԿ։

Այս մասին տեղեկանում ենք ավագանու անդամ Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերից:

«Մենք «Լույս» խմբակցությունով գտնվում ենք համայնքային մի կազմակերպությունում թափառող կենդանիների խնդրով զբաղվող ՀՈԱԿ-ում, որը նորաստեղծ է: Պարբերաբար տարբեր կենդանասերներ մեզ խնդրել են այցելել այստեղ, ծանոթանալ պայմաններին: Պայմանները սարսափելի են»,- ասել է Խաժակյանը:

Նույն խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն ասել է, որ իրենք արդեն շրջել են տարածքով, եղել են վիրահատման սենյակում և այն սենյակում, որտեղ պահվում են կենդանիները՝ ստանդարտներից որևէ մեկը պահպանված չէ:

Խմբակցության անդամ Անի Խաչատրյանն էլ ասել է, որ ՀՈԱԿ-ին քաղաքապետարանը 149 մլն դրամ է հատկացրել:

Թեհմինա Վարդանյանը ներկայացրել է ՀՈԱԿ-ում տիրող իրավիճակը.

«Նախասրահում տեղադրված են մի քանի վանդակներ, որտեղ մեկ վանդակի մեջ խցկված են 3-4 կենդանի: Վիրահատարանի պայմանները խայտառակ են. ոչ մի սանիտարական նորմեր չեն կիրառվում՝ չկա սառնարան, դեղորայքի կեսը հատակին, կեսը սեղանին լցված է»:

Անի Խաչատրյանն էլ հավելել է, որ դեղերը պահելու պահարան չեն տեսել, շների վանդակների վրա գրված չէ, թե այդ շունը որտեղից է եկել և ոնց է հետ գնալու: Նրա խոսքով՝ հոտն էլ ահավոր է: Նրանք շրջելով սենյակներում՝ ցույց են տվել ՀՈԱԿ-ում կենդանիների պահման վատ պայմանները: