ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեմ է հանդես եկել Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուն։

«Ես դա չէի անի՝ վրաց ժողովրդի հանդեպ հարգանքից ելնելով», - լրագրողներին ասել է ՌԴ նախագահը։

Պուտինը նաև մեկնաբանել է իրեն վիրավորած վրաց լրագրողի դեմ գործ հարուցելու գաղափարն ու ասել, որ «քրեական գործ հարուցելը մեծ պատիվ կլինի, թող շարունակի հեռարձակվել»:

Հիշեցնենք, որ «Рустави-2» հեռուստաալիքի լրագրողը կիրակի օրը եթերով հայհոյել էր Պուտինին, ինչն առավել էր թեժացրել երկու երկրների միջև լարված հարաբերությունները։ Միջադեպը դատապարտել են Վրաստանի նախագահն ու վարչապետը, ինչպես նաև վրաց հասարակությունը, այն անվանելով սադրանք Վրաստանի նկատմամբ։ Վրաստանում անցկացվում են հակառուսական բողոքի ակցիաներ, ինչը հանգեցրեց նաև երկրների միջև ուղիղ օդային կապի կասեցմանը: