Պետական եկամուտների կոմիտեի և «Էքսպերտիզ Ֆրանս» Ֆրանսիայի միջազգային փորձագիտության գործակալության միջև հուլիսի 9-ին խորհրդատվական ծառայության պայմանագիր է կնքվել` ՊԵԿ-ում «Աջակցություն Հայաստանի հարկային վարչարարությանը` ստվերային տնտեսությունը կրճատելու և հարկային եկամուտների կայուն աճն ապահովելու գործում» տեխնիկական օժանդակության ծրագրի իրագործման նպատակով: Այս մասին հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Միջոցառմանը ներկա է եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը: Ծրագիրը կոչված է օժանդակելու հարկային ոլորտում ՊԵԿ-ի ռազմավարության ներդրմանը՝ շեշտը դնելով ստվերային տնտեսության կրճատմանն ուղղված միջոցառումների վրա: Ֆրանսիական կողմը ներգրավելու է ստվերային տնտեսության դեմ պայքարի առաջավոր փորձին տիրապետող միջազգային փորձագետների՝ ՊԵԿ-ի համար արդյունավետ առաջարկություններ մշակելու նպատակով:

Մամուլի հաղորդագրության համաձայն՝ մեկուկես տարի տևողությամբ ծրագրի ավարտին ակնկալվում է ՊԵԿ-ում ներդնել ստվերային տնտեսության և տնտեսության ճյուղերի հարկային ներուժի գնահատման արդյունավետ գործիքներ, ուժեղացնել ՊԵԿ-ի կարողությունները՝ ներքին և արտաքին տեղեկատվության մոբիլիզացման և վերլուծության գործում, ինչպես նաև բարելավել ՊԵԿ-ի տրասֆերային գնագոյացման ստորաբաժանման գործունեությունը՝ համադրելի բազաների ստեղծման միջոցով: Բացի այդ նախատեսվում է կատարելագործել գործող հարկային ընթացակարգերը՝ համապատասխանեցնելով ՓՄՁ-ների յուրահատկություններին:

Ծրագիրն իրագործվում է Հայաստանի կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև կնքված ֆինանսավորման պայմանագրի շրջանակում և մեկնարկելու է սեպտեմբերից: