Արդեն 13 օր է, ինչ առաջին ատյանի դատարանը չի քննում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը՝ գրավի դիմաց Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ: Լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

«Առաջին ատյանի դատարանը պատճառաբանում է, որ չի կարող քննել մեր միջնորդությունը, քանի որ գործը գտնվում է Վերաքննիչում, իսկ Վերաքննիչը պատճառաբանում է, որ չի կարող գործն ուղարկել առաջին ատյանի դատարանին, քանի դեռ Վերաքննիչ դատարանի որոշման բողոքարկման ժամկետը չի լրացել»,- ասել է պաշտպանը:

Նրա գնահատմամբ, իհարկե, հիմնված օրենքի վրա, երկու փաստարկներն էլ ոչ մի ընդհանուր բան չունեն օրենքի հետ։ Պաշտպանի խոսքով, այդ միջնորդությունը հենց հունիսի 28-ին պետք է քննվեր ու դրա վերաբերյալ արդեն պետք է որոշում կայացվեր։

Հայկ Ալումյանը դիմեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ անհապաղ միջամտել, տեղի է ունենում բացահայտ ու կոպիտ խախտում: Նա նշեց, որ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսում է, որ միջնորդությունները և պահանջները պետք է քննվեն անհապաղ, սակայն եթե նույնիսկ դատարանը գտնում է, որ պետք է միջնորդության քննությունը հետաձգվի կամ միջնորդությունը թողնվի առանց քննության, նույնպես պետք է արվի որոշմամբ։

«Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն արել է և անում է ամեն ինչ, որպեսզի հնարավորինս շատ խախտի պարոն Քոչարյանի իրավունքները: Պետք չէ զարմանալ, որ պարոն Դանիելյանը գործը չի ուղարկում առաջին ատյանի դատարան, թեև դրանով կոպիտ խախտում է օրենքը, բայց սա այս գրծով պարոն Դանիելյանի կողմից օրենքը կոպիտ խախելու առաջին դեպքը չէ, սպասելի էր, որ իրենից կապված ամեն բան կանի, որպեսզի պարոն Քոչարյանի իրարվունքները հնարավորինս չափ շատ խախտվեն, դրա համար գործը Վերաքննիչ դատարանից չի ուղարկվում առաջին ատյանի դատարան»,- ասել է նա։

Հ. Ալումյանի խոսքով, գործը հիմա ընդհանրապես Վերաքննիչ դատարանում չպետք է գտնվեր, այլ գտնվեր ատաջին ատյանի դատարանում։

«Գործը չուղարկելը, պահելը Վերաքննիչ դատարանում, առաջին ատյանի դատարանում էլ մեր միջնորդությունը չքննելը այն պատրվակով, որ գործը գտնվում է Վերաքննիչ դատարանում, սրանք բոլորը օրենքից չբխող պատրվակներ են, բոլորը պարոն Քոչարյանի իրավունքի խախտում են»,- ասել է Ռ. Քոչարյանի պաշտպանը։

Հ. Ալումյանը նշել է, որ այսօր լրանում է Վերաքննիչ քրեական դատարանի կայացրած վճիռը բողոքարկելու ժամանակը, և դատավորը գործը պետք է ուղարկի առաջին ատյանի դատարան։