Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը այսօր ասուլիսին հայտնել է․

«Այս պահին դեռևս հստակ չէ, թե ինչի հետևանքով են առաջացել Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում հաճախականության տատանումները»:

Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանի էնեգետիկ համակարգում ժամը 13:46-ին հաճախականության տատանում է եղել, որի հետևանքով սկզբում անջատվել են Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, այնուհետև Երևանի ՋԷԿ-ն ու ավելի փոքր կայանները:

«Հաճախականության տատանումները շարունակական բնույթ են կրել: Այս պահին դեռևս հստակ ախտորոշված չէ պատճառը, բայց կայունությունը վերականգված է, հաճախականության տատանումներ չունենք ու էներգահամակարգի արտադրական հզորությունները, մատակարարումը վերականգնվում են»,- ասել է Հակոբ Վարդանյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի էներգահամակարգը սինխրոն կապի միջոցով կապված է իրանական էներգահամակարգի հետ, ուստի Հայաստանում ցանկացած տատանում զգացվում է իրենց մոտ և հակառակը:

«Վարկածներից մեկն այն է, որ հաճախականության հզոր տատանումը եկել է իրանական էներգահամակարգում տեղի ունեցած վթարից: Մենք մեր իրանցի գործընկերների հետ եղել ենք կապի մեջ, իրենք ևս փաստել են, որ իրենց մոտ նմանատիպ վթարներ տեղի են ունեցել նույն ժամանակահատվածում: Սակայն 100 տոկոսով ասել, որ հաճախականության տատանումները եկել են իրանական էներգահամակարգից, այս պահին չենք կարող»,- ընդգծել է Հակոբ Վարդանյանը: