Կառավարության նիստում որոշվել է, որ «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում դասակի հրամանատարների պատրաստման ուղղությամբ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը նվազեցվում է և սահմանվում է 2 տարի 3 ամիս ժամկետով:

Վերոնշյալ ժամկետի առաջին 3 ամիսը՝ պարտադիր զինծառայողի կարգավիճակով պատրաստություն անցնելու, և 2 տարին՝ կրտսեր սպայական կազմի պայմանագրային զինծառայություն անցնելու ժամկետներն են, հայտնում է Aysor.am-ը:

Դավիթ Տոնոյանը նշել է, թե քանի որ նշված դրույթներն ունեն բարելավող բնույթ, նախատեսվում է դրանց գործողությունը տարածել նաև նախկինում կնքված պայմանագրերի վրա:

Նրա ներկայցմամբ՝ «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև թեստավորման արդյունքներով հաղթող ճանաչվելու համար հիմք ընդունել սովորողի (դիմորդի) առաջադիմությունը, այն է՝ սովորողի դեպքում միջին որակական գնահատականը (ՄՈԳ), որը պետք է կազմի տվյալ ուսումնական հաստատությունում սահմանված ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 70 տոկոսը, իսկ դիմորդի դեպքում՝ տվյալ ուսումնական հաստատության համար սահմանված ընդունելության քննությունների առավելագույն դրական միավորների հանրագումարի առնվազն 75 տոկոսը հավաքած լինելու հանգամանքը: Իսկ այն քաղաքացիների համար, ովքեր օրենսդրության համաձայն բուհ են ընդունվում առանց ընդունելության քննությունների՝ ընդհանուր զարգացվածության աստիճանը որոշող թեստի առավելագույն արժեքի առնվազն 75 տոկոսը հավաքած լինելու հանգամանքը:

Միաժամանակ, ընտրության գործընթացը հստակեցնելու նպատակով նախատեսվում է, որ անկախ թեստավորման արդյունքներից, հաղթող ճանաչվելու առաջնահերթությունը տրվում է համապատասխան միջին որակական գնահատական ունեցող քաղաքացիներին, ինչպես նաև սահմանվում է, որ «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի լուծման դեպքում տարկետման իրավունքը դադարեցնելուց հետո նույն քաղաքացու կողմից կրկին անգամ «Պատիվ ունեմ» ծրագրով տարկետում չի տրվում: