ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, կառավարության նիստում խոսելով վերջին օրերին տեղի ունեցած մահվան ելքով վթարների մասին, առաջարկել է Վրաստան երթևեկող բոլոր մեքենաների գերբեռնվածությունը ստուգել սահմանային անցակետ մտնելիս:

Նա հավելել է, որ սահմանապահը չի կարող տեսնել՝ գերբեռնվա՞ծ է, թե՞ չէ, մարդիկ ոտքով են անցնում սահմանը: Այս առաջարկի ընդունումն, ըստ Թորոսյանի, թույլ կտա խուսափել վթարներից, հայտնում է shantnews.am-ը:

Արսեն Թորոսյանը նաև առաջարկել է պարտադիր դարձնել գազաբալոնային համակարգերի ավտոմատ անջատման տեղադրումը բոլոր մեքենաների վրա, հաշվի առնելով, որ հիմնականում գազով են երթևեկում Հայաստանում և հենց դրա պատճառով է եղել զոհերի մեծ մասը։

«Այսինքն արագ այրվել են և չեն հասցրել տարհանել, նույնիսկ օգնություն ցուցաբերելն է դժվար եղել»,- ասել է նա, հայտնում է Araratnews.am-ը։

Փաշինյանն արձագանքել է.

«Կքննարկենք, ոտքի վրա որոշում չկայացնենք»:

Նախարարը նաև տվյալներ է ներկայացրել վերջին վթարներից տուժածների վերաբերյալ:

«Մենք առաջին պատահարով ունենք 7 զոհ, որից 6-ը՝ այրվածքներից, մեկը՝ ոչ, ունենք 3 ծանր վիրավոր: Երկրորդը Վրաստանի դեպքն է, փաստացի ունեինք գերբեռնված մեքենա, 3 զոհ, որից 2-ը՝ երեխա: Այս պահի դրությամբ ունենք երկու ծանր վիրավոր, որ տեղափոխվել են Հայաստան, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար, դեռ վաղ է գնահատել՝ կստացվի՞ փրկել նրանց կյանքը, թե՞ ոչ»,- ասել է նա: