Թուրքիայի «Kadir Has» համալսարանը երկրի արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ սոցհարցում է անցկացրել: Հարցումն իրականացվել է Թուրքիայի 26 նահանգներում 18 տարեկանից բարձր 1000 քաղաքացիների շրջանում: Սոցհարցումն ուշագրավ տեղեկություն է տալիս Թուրքիայի քաղաքացիների՝ երկրի արտաքին քաղաքականության մի շարք հարցերում ունեցած պատկերացումների ու կարծիքների մասին:

Աչքի է զարնում այն հանգամանքը, որ հարցվածների զգալի մասը չի լսել կամ տեղեկացված չէ այնպիսի կարևոր հարցերի մասին, որոնք այս շրջանում Թուրքիայի արտաքին քաղաքականության կիզակետում են գտնվում և ազդեցություն ունեն Թուրքիա-Ռուսաստան, Թուրքիա-ԱՄՆ, ինչպես նաև տարածաշրջանային երկրների հետ հարաբերությունների վրա:

Սոցհարցման մեջ անդրադարձ է եղել ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերին, որոնք Ռուսաստանն առաջիկայում մատակարարելու է թուրքական կողմին, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից Թուրքիային մատակարարվելիք F-35 նոր սերնդի մարտական օդանավերին։

Վերոնշյալ զինատեսակների մասին հարցումները պատահական չեն, քանի որ S-400-ների առնչությամբ ռուս-թուրքական գործարքը խիստ սրել է թուրք-ամերիկյան հարաբերությունները։ ԱՄՆ-ն արդեն բազմիցս հայտարարել է, որ F-35-ները Թուրքիային չեն մատակարարվի, եթե թուրքական կողմը չհրաժարվի S-400-ներից։

Հարցմանը մասնակցած քաղաքացիների 37.4%-ը ընդհանրապես չի լսել S-400-ների մասին, 19.6%-ը պարզապես «հրթիռ» պատասխանն է տվել, 10%-ը նշել է, որ Ռուսաստանի հրթիռներ են, իսկ 7.3%-ը՝ ռուսական ՀՕՊ համակարգեր: Ինչ վերաբերում է F-35-երին, ապա 41.1%-ը չի լսել դրա մասին 22.9 տոկոսը պատասխանել է ռազմական ինքնաթիռ, 17%-ը պարզապես ինքնաթիռ, միայն 11.6%-ն է այն ասոցացրել ԱՄՆ-ի հետ: Պետք է նշել, որ մեծամասնությունը՝ 59.7% էլ չի լսել ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգերի մասին:

Այսպիսի պատկեր է նաև հարևան երկրների հետ ունեցած կոնֆլիկտներին վերաբերող մի շարք հարցերում: Այսպես հարցվածների զգալի մասը չգիտի, թե ինչ են Մանբիչը և Իդլիբը՝ համապատասխանաբար 41.7 և 41.2%-ը: 32.1 և 33.1%-ը համապատասխանաբար նշել են որ Մանբիչը և Իդլիբը քաղաքաներ են հարևան Սիրիայում: Միայն 5.7 տոկոսն է ասել, որ Մանբիչը քաղաք է Սիրիայում, որի ուղղությամբ Թուրքիան ռազմական գործողություն է իրականացրել:

Թուրքիայի արտաքին քաղաքականությունում վերջին շրջանում կարևոր տեղ է զբաղեցնում նաև Կիպրոսի բացարձակ տնտեսական գոտում Թուրքիայի կողմից իրականացվող նավթի որոնման և հորատման աշխատանքների հետևանքով առաջացած թնջուկը: Չնայած թեմայի կարևորությանը և հնչեղությանը բացարձակ տնտեսական գոտու մասին չի լսել հարցվածների 87.9 տոկոսը:

Հարցումը նաև ցույց է տալիս, որ տարիներ շարունակ իշխանությունների քարոզչությունը որոշ հարցերում արդյունք է տվել: Դա մասնավորապես վերաբերում է Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող Սիրիայի քրդերի ջոկատների` «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (YPG) և վերջինիս քաղաքական թևի (PYD)-ի վերաբերյալ հարցերին:

Հարցվածների 56.5 տոկոսը կարծում է, որ YPG-ն «ահաբեկչական կազմակերպություն է», 3,8 տոկոսը՝ Սիրիայի ահաբեկչական կազմակերպություն, 3,5 տոկոսը՝ կազմակերպություն, 3.4 տոկոսը՝ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բավորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) թևը։ 2 տոկոսը՝ Սիրիայի ՔԲԿ-ականներ, 1.9 տոկոսը՝ Սիրիայի զինված բանակ, ԱՄՆ-ի կողմից աջակցություն վայելով ահաբեկչական կազմակերպություն։ Այս բոլոր պատասխանները իշխանությունների պաշտոնական տեսակետի մաս են կազմում:

Զարմանալի չէ, որ մեծ մասը՝ 51.4%-ը, աջակցում է Թուրքիայի սահմաններից դուրս (Սիրիա, Իրաք) ռազմական գործողությունների անցկացմանը: Նշենք, որ այդ գործողությունները ներկայացվում են որպես ահաբեկչության դեմ պայքար:

Սոցհարցման մեջ ներառվել են նաև այնպիսի հարցրեր, որոնք ներկայացնում են, թե ԹՀ քաղաքացիներն ինչ ընկալումներ ու պատկերացումներ ունեն Թուրքիայի մասին: 32.9%-ը կարծում է՝ Թուրքիան իսլամական երկիր է, 28.5%-ն առանձնահատուկ երկիր է համարում, 17.6%-ը՝ եվրոպական, 16.3%-ը՝ մերձավորարևելյան:

Այս պատասխաններն ակնհայտորեն արտացոլում են հարցվածների կուսակցական պատկանելությունը, նրանց պատկերացումներն աշխարհում Թուրքիայի ունեցած տեղի և դերի մասին: Թուրքիայի իսլամական երկիր համարողների 49%-ը իրեն ասոցացնում է իշխող ԱԶԿ-ի հետ, որը իսլամական ուղղվածությամբ կուսակցություն է: Եվրոպական երկիրը համարողներից 32%-ը արևմտամետ համարում ունեցող քեմալական ԺՀԿ համակիր է:

Թուրքիայի արտաքին քաղաքական ուղղվածության առումով ԹՀ քաղաքացիների մեծ մասը շարունակում են կարծել, որ երկիրը պետք է անդամակցի ԵՄ-ին: ԵՄ անդամակցությունը աջակցում են հարցվածների 61.1 տոկոսը՝ նախորդ տարվա 55,1 տոկոսի համեմատ: Չնայած վերջին շրջանում «Ս-400» համակարգերի պատճառով ՆԱՏՕ-ի հետ լարվածությանը և անդամակցության դադարեցման շուրջ շահարկումներին՝ հարցվածաների 60.8 տոկոսը աջակցում է այն տեսակետը, որ Թուրքիան պետք է շարունակի ՆԱՏՕ-ին անդամակցությունը: Նախորդ տարիներին ևս մեծամասնությունը կողմ է եղել անդամակցության շարունակմանը:

Սոցհարցումը չի շրջանցել նաև Հայաստանին, որը 5-րդն է եղել Թուրքիային սպառնալիք հանդիսացող երկրների ցանկում: