Լոռու մարզի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը հուլիսի 9-ին վերագործարկվել է: Հանքավայրի շահագործման թույլտվություն ընկերությունն ստացել է հուլիսի 8-ին՝ տարեկան 7 միլիոն տոննա հանքաքար արտադրելու համար, ինչը ենթադրում է հանքավայրի 15-20 տարի շահագործման հնարավորություն:

Ինչպես «ԷկոԼուր»-ին հայտնել են Լոռու մարզպետարանից, Թեղուտի վերագործարկման առաջին օրը «Թեղուտ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանի ուղեկցությամբ հանքավայրի տարածք է այցելել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Նա ծանոթացել է ներկայում տիրող պայմաններին և առաջիկա աշխատանքներին, որոնք նախատեսվում է իրականացնել հանքի շահագործումն առավել անվտանգ ու արդյունավետ կազմակերպելու համար: Աշխատանքներ են իրականացվում ընդլայնվելու, հանքային տեխնիկան, ֆաբրիկայի տեխնոլոգիական և այլ սարքավորումները վերագործարկելու ուղղությամբ:

Անդրեյ Ղուկասյանը հույս է հայտնել, որ ընկերությունը կձեռնարկի բոլոր միջոցառումները՝ առկա թերություններն ու նախկին բացթողումները շտկելու համար: Մարզպետը շրջել է նաև ընկերության արտադրամասում և պոչամբարի տարածքում: Լրագրողների հետ զրույցի ժամանակ Անդրեյ Ղուկասյանը նշել է.

«Պոչամբարի հետ կապված «ահագնացող» խնդիր չկա, այս մեկ-երկու տարի խոսում էինք, որ ճաք կա, բայց տեսնում ենք, որ չկա»:

Հիշեցնենք, որ նախկինում Վալլեքս խմբին պատկանող «Թեղուտ» ՓԲԸ-ն 2018թ-ի հունվարի 12-ն դադարեցրեց Թեղուտի հանքավայրի շահագործումը: Ընկերությունը խոստովանեց, որ կան խնդիրներ՝ կապված Թեղուտի պոչամբարի հետ: Այնուհետև հայտնի դարձավ, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի գույքը գրավադրված է ռուսական ՎՏԲ բանկում: Ներկայում ընկերությունը պատկանում է բանկին: Հանքի նոր ղեկավարությունը հայտնում է, որ այս պահին աշխատակիցների թիվը հասնում է շուրջ 800-ի, որոնց գերակշիռ մասը Շնող և Ալավերդի համայնքի բնակիչներ են: